Չինաստանի հյուսիս-արևելքում գտնվող Լյաոնին նահանգի Լյաոյանգ քաղաքի ռեստորանում բռնկված ավերիչ հրդեհի հետևանքով զոհվել է 22 մարդ, վիրավորվել՝ երեքը, իսկ ռեստորանի օպերատորը ձերբակալվել է, հաղորդում է «Սինհուա»-ն՝ հղում անելով քաղաքային կառավարությանը։
Մահացու հրդեհը սկսվել է երեքշաբթի օրը՝ տեղական ժամանակով ժամը 12:25-ին, դեպքի վայր են ուղարկվել 22 հրշեջ մեքենա և 85 հրշեջ՝ արագորեն մարելու և որոնողական-փրկարարական աշխատանքներ իրականացնելու համար։
Փրկարարական աշխատանքներն արդեն ավարտվել են։ Տուժածներին օգնություն ցուցաբերելու համար կանչվել են բժշկական մասնագետներ, և հրդեհի պատճառների հետաքննություն է ընթանում։
Չինաստանի Պետական խորհրդին առընթեր աշխատանքի անվտանգության վարչությունը կոչ է արել անհապաղ հետաքննություն սկսել միջադեպի վերաբերյալ՝ հրդեհի պատճառը հնարավորինս շուտ պարզելու համար։
Բացի այդ, Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատանքային խումբը նույնպես մեկնել է տուժած տարածք՝ հետաքննությունը ղեկավարելու համար։





























