Այո, իշխանությունը որոշակի մարդկանց միջոցով փորձում է ընդդիմության շարքերում պառակտում մտցնել, նաև նրանց, ովքեր ասում են՝ մանդատները շպրտեք, շատ լավ հասկանալով, որ այս դեպքում ընդդիմությունը կզրկվի մի էական լծակից, որն է վերահսկել ընտրությունների օրինականությունը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, ԱԺ-ում NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով իշխանությունների կողմից հնչող տեսակետին, որ այս պահին ընդդիմադիր դաշտում կռիվ է գնում, թե ով է այդ դաշտում առաջին տեղում:
«Մանդատների ուժերից մեկը, այո, վերահսկողությունն է, և երկրորդը, դու կարողանում ես քննադատել կառավարության հրապարակավ, որովհետև խորհրդարանական բանավեճերը ամենամեծ լսարանը ունեն: Եվ երրորդը, դու կարողանում ես ընտրողներին ներկայացնել քո տեսլականը, քո մոտեցումները և այն ծրագրերը, որոնք դու կիրականացնես, եթե դառնաս իշխանություն»:
Հարցին՝ խորհրդարանական ամենամեծ ընդդիմությունը ունի ծրագիր, մշակած ռազմավարություն, որը կարող է բերել իշխանափոխության, ընդդիմադիր գործիչը պատասխանեց. «Իհարկե ունի և մենք դա ներկայացնում ենք: Օրինակ այս շաբաթ օրը «Հայաստան» խմբակցության պատգամավորները եղել են Տավուշի մարզում։ Մի քանի օր առաջ եղել ենք Սյունիքի մարզում, հանդիպում է կազմակերպվել նաև ընտրողների հետ Երևանի Շենգավիթ համայնքում: Բոլոր այդ հանդիպումների ժամանակ մենք ներկայացնում ենք մեր մոտեցումները»:











