Ակնհայտ է, որ մարդկանց չի կարող բավարարել այս անվտանգային իրավիճակը, երբ ադրբեջանցիները կրակում են: Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, ԱԺ-ում NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Իշխանություններն ասում են՝ դրանք անկանոն կրակոցներ են, թիրախային չեն, մառախուղ է եղել, վնաս չեն պատճառում, բայց հենց այստեղ այրեցին Ադրբեջանի և Թուրքիայի դրոշները, նույն օրը իբրև թե թիրախային կրակեցին Խոզնավարի ուղղությամբ։ Պարզ է, որ կա անվտանգային լուրջ տագնապ, մարդիկ ասում են՝ ո՞վ է մեզ պաշտպանելու: Եթե դու խաղաղության ես տանում, այդ խաղաղությունը ինչու մենք չենք տեսնում և հիմա ինչու է ավելի վտանգավոր, քան թե 10 տարի առաջ։ 10 տարի առաջ Խոզնավարն ու Խծաբերդը խորը թիկունքի էին և շատ հանգիստ գյուղեր էին»,-ասաց նա:
Հարցին՝ ըստ Նիկոլ Փաշինյանի մենք տարիներ շարունակ Թուրքիայի դրոշ այրելով սադրե՞լ ենք իրենց, Արթուր Խաչատրյանն արձագանքեց. «Տարիներ շարունակ մենք դրոշ այրել ենք, այրելու ենք, տարիներ շարունակ Թուրքիան և Ադրբեջանը մրթմրթացել են, բայց ռիսկ չի արել որևէ կերպով սպառնալ Հայաստանի Հանրապետությանը և Արցախի Հանրապետությանը»:
Պնդմանը, որ դրոշ այրելը թուլության նշան է, նա ասաց. «Իսկ թուրքի առաջ կզելը քաջության նշան է, հա՞: Ադրբեջանցիների բոլոր պահանջներին ենթարկվել է, դա քաջության նշա՞ն է։
Թուրքիան և Ադրբեջանը արդեն գրգռված են և իրենց գրգռել է նաև Նիկոլ Փաշինյանը իր անպատասխանատու կոչերով, իր գործողություններով, մասնավորապես Սարդարապատում փոքրիկ բախումը հերոսամարտ ներկայացնելով: Այնպես որ ինքն է գրգռել և սադրել և հիմա Հայաստանը դարձրել է այսքան խղճուկ, որ Ադրբեջանը ինչ ուզում պարտադրում է, իսկ իրենք Ադրբեջանի բոլոր պարտադրանքները ընդունում են, պատվի են առնում և փորձում են իրականացնել»:











