Արմեն Ղազարյանը գործընկերոջը ներկայացրել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության ներկայիս ընթացքը, այդ թվում՝ ԵՄ-ի գնահատման առաքելությունների հետ կատարված աշխատանքը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ–ից։

Բենցե Ռետվարը շեշտել է, որ Հունգարիան բարձր է գնահատում Հայաստանի ներդրած ջանքերն այս ուղղությամբ, մասնավորապես ռեադմիսիոն համաձայնագրի կիրարկման մասով։ Հունգարիայի ՆԳՆ խորհրդարանական պետքարտուղարը նշեց, որ Հայաստանին դիտարկում են որպես այս ոլորտում ԵՄ-ի դրականորեն համագործակցող երկիր, ինչը պետք է արժանանա համապատասխան վերաբերմունքի։

Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը զարգացնելու գործընկերությունը համատեղ ծրագրերի մշակման և կարողությունների զարգացման ուղղություններով։

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը և Հունգարիայի ՆԳ նախարարության խորհրդարանական պետքարտուղար Բենցե Ռետվարը ստորագրել են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Հունգարիայի ներքին գործերի նախարարության միջև համագործակցության զարգացման մտադրության մասին փոխըմբռնման հուշագիր։