Դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն տալու հարցի քննարկումը՝ նյութերին ծանոթանալու նպատակով հետաձգվեց մինչև վաղը 09:30։ Այս մասին հայտնել են դատավորի պաշտպանները՝ Ալեքսանդր Կոչուբաևը և Էրիկ Ալեքսանյանը։
Նշենք, որ փաստաբանների փոխանցմամբ, դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու թույլտվության հարցի քննությունը ԲԴԽ-ում պետք է տեղի ունենար այսօր՝ ժամը 21:00-ին։
Ավելի վաղ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ կաշառք տալու, ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 2025 թվականի ապրիլի 29–ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում ՀՀ դատական իշխանության ներկայացուցչի մասնակցությամբ իրականացվել է ապացուցողական գործողություն։
Ավելի ուշ Գաբրիելյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Կատարվել են քննչական գործողություններ եւ այլ վարույթային գործողություններ։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանի ազատությունը սահմանափակված չէ»:





























