Մենք երկրորդ այտն ապտակարժան չենք դարձնում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 30-ին, Նոր Նորքի թաղապետարանում միջադեպից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի կուսակից, Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար անդամ Անի Խաչատրյանը։
«Ես երեկ էլ եմ ասել՝ կգնան դրան, կստանան դա։ Այսինքն՝ գան մեզ հայհոյեն, խփեն, ու մենք տենց ասենք՝ մեր այս այտին էլ խփե՞ք»,-ասաց Խաչատրյանը։
Նա հուսով է՝ «սադրիչների դեմ կհարուցվեն քրեական գործեր»: «Սա պետության դեմ է, և այս պետությունը պետք է վերջապես թափ տա։ Սա ժողովրդավարություն չի, սա խոսքի ազատութուն չի, սա արդեն անցնում է բոլոր թույլատրելի սահմանները։ Այս լեզուները խոսքի ազատութուն չեն, պետք է մի քիչ կտրել, որ հասկանան, որն է խոսքի ազատություն և որն է ամենաթողություն։ Այս ամենաթողության դեմը, վերջապես, պետք է առնել պետական մակարդակով»,-ասել է նա։
Նշենք, որ այսօր առավոտյան թաղապետարանի շենքում աշխատակիցները՝ թաղապետի մասնակցությամբ ծեծի ենթարկեցին Արթուր Չախոյանին: Ոստիկանության աշխատակիցները, որոնք ժամանեցին շենք, բերման ենթարկեցին միայն Չախոյանին: Միջադեպից հետո Արթուր Չախոյանի աչքի տակ կապտուկ կար:
Հիշեցնենք, որ նախօրեին Արթուր Չախոյանն ու Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը ակցիա էին իրականացրել թաղապետարանում: Նրանք հայտարարել էին, որ սա պատասխանն է նրա, որ թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հեռախոսով հայհոյել է իրենց:
Ավելի ուշ Տիգրան Տեր-Մարգարյանը նշել էր, որ լավ է արել, որ հայոհոյել է:





























