Ամանորի գիշերը ոստիկանությանն է հանձնվել ճապոնական տխրահռչակ «Աում Սինրիկյո» աղանդի առաջնորդներից Մակոտո Հիրատան, որը 16 տարի փախուստի մեջ էր, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` հղում անելով Ճապոնիայի ոստիկանությանը:
Նոր տարուց 10 րոպե առաջ Հիրատա ներկայացել է Տոկիոյի կենտրոնական ոստիկանական բաժանմունքներից մեկը: Իրավապահները հաստատել են նրա ինքնությունը մատնահետքերի միջոցով եւ կալանքի տակ են վերցրել նրան:
1990-ականներին Մակոտո Հիրատան «Աում Սինրիկյոյի» առավել ազդեցիկ անդամներից մեկն էր եւ, ենթադրաբար, մասնակից է եղել աղանդի մի քանի հանցագործությունների, այդ թվում 1995-ին Տոկիոյի մետրոյում իրականացրած ահաբեկչական գրոհի եւ նոտար Կիեսի Կարիայի սպանության կազմակերպմանը: Հիրատան հանձնվել է երկարամյա փախուստի մեջ ապրելուն վերջ տալու համար եւ հայտարարել է, որ մեղավոր չէ Կարիայի սպանության համար:




























