Ճապոնիայի կայսերական պալատը հինգշաբթի հայտարարել է, որ աշխատանքից ազատել է աշխատակցի, որը մեկ տարուց ավելի կայսեր Նարուհիտոյից և նրա ընտանիքից 3,6 միլիոն իեն (24 հազար 900 դոլար) կանխիկ գումար է գողացել, հաղորդում է Associated Press-ը։

Կայսերական տան գործակալությունը հաստատել է կասկածյալի անձը. պարզվել է, որ 20-ամյա աշխատակիցը պալատում կամ գործակալության շենքում Նարուհիտոյի և նրա ընտանիքի առօրյա կարիքները հոգալու համար նշանակված 80 ծառաներից մեկն էր։  

Գողությունը խայտառակություն է համարվել արքունիքի համար, և պաշտոնյաները հայտարարել են, որ դա աննախադեպ երևույթ է ժամանակակից պատմության մեջ։ Դեպքի մասին լուրը ջրի երես է դուրս եկել մարտին՝ հունվարին սկսված ներքին հետաքննության ընթացքում, երբ դեպարտամենտի ղեկավարի օգնականն  անհամապատասխանություն է նկատել սեյֆում պահվող կանխիկ փողի և գրանցամատյանում գրանցված գումարի միջև։

Երբ գործակալության աշխատակիցը մարտի վերջին հայտնաբերել է 30 հազար իեն (207 դոլար) կորուստը, գիշերային հերթափոխը նոր ավարտած կասկածյալին հարցրել են դրա մասին, և նա խոստովանել է, որ գողացել է գումարը՝ վկայակոչելով ֆինանսական դժվարությունները, գրում է գործակալությունը։

Կասկածյալը խոստովանել է, որ 2023 թվականի նոյեմբերից մինչև այս տարվա մարտի վերջը գողացել է ընդհանուր առմամբ 3, 6 միլիոն իեն, ապա վերադարձրել գումարը մինչև ապրիլի կեսը, ասված է հաղորդագրության մեջ։ Գումարը կայսեր, նրա կնոջ՝ Մասակոյի, նրանց դստեր՝ արքայադուստր Այկոյի և Նարուհիտոյի ծնողների՝ նախկին կայսր Ակիհիտոյի և կայսրուհի Միտիկոյի կենսապահովման ծախսերի համար հատկացված 324 միլիոն իենի (2,24 միլիոն դոլար) տարեկան բյուջեի մի մասն էր։

Քրեական գործ է հարուցվել պալատական ​​ոստիկանություն, և աշխատակիցը պաշտոնապես ազատվել է աշխատանքից։ Դրամարկղային համակարգի խախտումները հունվարին առաջին անգամ նկատած մենեջերի 40-ամյա օգնականի աշխատավարձը մեկ ամսով կրճատվել է՝ անփույթ հաշվապահության պատճառով։