Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ներկա պահին ձերբակալվել է 18 մարդ՝ Երուսաղեմի մերձակայքում անտառային հրդեհներ հրահրելուն նպաստելու կասկածանքով: Հրդեհները որոշ շրջաններում դեռ շարունակում են այրվել, գրում է Times of Israel-ը։
Երուսաղեմում անցկացվող ամենամյա աստվածաշնչյան մրցույթում ելույթ ունենալով՝ Նեթանյահուն հայտարարել է, որ կասկածյալներից մեկը բռնվել է հրկիզում կատարելիս։
Նեթանյահուն հայտարարել է նաև, որ հրդեհը «սովորական բան չէ, այն վնաս է հասցնում բնությանը և մարդկանց», և այս պահին ձերբակալվել են հրկիզման մեջ կասկածվող 18 մարդ, որոնցից մեկը բռնվել է հանցագործության վայրում։
Նա նշել է, որ վստահ է, որ երկրին կհաջողվի հաղթահարել նաև այդ խնդիրը։ «Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ՝ հրդեհը կանխելու և ավերվածը վերականգնելու համար», - հավելել է նա։





























