Միլիարդատեր և Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսի դուստրը փոդքասթի ժամանակ պատմել է, որ Microsoft-ի միլիարդատերը տառապում է Ասպերգերի համախտանիշից, գրում է New York Post-ը։
22-ամյա Ֆիբի Գեյթսը «Զանգիր նրա հայրիկին» փոդքասթի ժամանակ անդրադարձել է նաև այն թեմային, թե իր ընկերների համար որքան «սարսափելի» էր հանդիպել իր հորը, երբ ինքը նրանց տուն էր բերում:
«Տղայի համար դա սարսափելի էր։ Ինձ համար դա զավեշտ էր, որովհետև հայրս շփման առումով բավականին անճարակ մարդ է,-պատմել է նա հաղորդավար Ալեքս Քուփերին։ - Ինչպես արդեն ասել եմ, նա Ասպերգերի համախտանիշ ունի։ Ինձ թվում ՝ դա շատ զվարճալի է։
69-ամյա Գեյթսը երբեք հրապարակավ չի խոսել Ասպերգերի համախտանիշի մասին, որը նախկինում կիրառվում էր աուտիզմից տառապող շատ մարդկանց նկատմամբ։
Ասպերգերի համախտանիշով մարդիկ հաճախ դժվարանում են շփվել և փոխազդել սոցիալական իրավիճակներում, ցուցաբերում են կրկնվող վարքագծեր և մոլուցքային հետաքրքրություններ։ Գեյթսն փետրվարին հրատարակված իր նոր՝ «Նախնական ծածկագիր» գրքում ասել է, որ եթե այսօր մեծանար, հավանաբար, իրեն աուտիզմ կախտորոշեին։
Ասպերգերի համախտանիշից տառապողները լավ կամ բարձր մտավոր ունակություններով են օժտված, սակայն ունեն ոչ տիպական կամ թերզարգացած սոցիալական ունակություններ։ Այդ պատճառով նրանց զգացմունքային և սոցիալական հասունացումը և ինտեգրացիան համեմատաբար ավելի երկար է տևում։
Ասպերգերի համախտանիշի պաշտոնական թեստավորումը ներդրվել է միայն 1980-ականներին, միաժամանակ Բիլը հիշեցրել է նաև, որ «նեյրոբազմազանություն» եզրույթը, որը վերաբերում է այն մարդուն, ում ուղեղը գործում է մյուսներից տարբերվող ձևով, ի հայտ է եկել միայն 1990-ականներին։
Գեյթսը, որի զուտ կարողությունը, ըստ Forbes-ի, գնահատվում է ավելի քան 107 միլիարդ դոլար, պատմել է, որ միայն 40 տարեկանում ինչ-որ մեկն առաջին անգամ ենթադրել է, որ ինքը, ըստ ամենայնի, Ասպերգերի համախտանիշ ունի։



























