Ճիշտ ասած, ես չեմ համարում, որ ես կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, որովհետև ինչոր մեկը որոշել է ինքը իրեն գովազդի իմ ինչ-որ մի բանի հաշվին։ Այս մասին, այսօր՝ մայիսի 2-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
«Հիմա, եթե ինչ-որ մեկը ձեզ մեղադրի ինչ-որ մի անհեթեթ բանի մեջ, դա հո չի՞ նշանակում, որ դուք հայտնվել եք այդ սկանդալի մեջ: Եթե դատարանը կուսումնասիրի կամ համապատասխան մարմինները կուսումնասիրեն և կհամարեն, որ այդտեղ խնդիր կա, ապա բնականաբար կպատասխանենք, կներկայացնենք բոլոր հիմնավորումները և համապատասխան գործողություններ կհետևեն դրան, եթե պարզվի, որ ես կոռուպցիայի մեջ եմ ներգրավված:
Ուղղակի հասարակ տրամաբանությունը հուշում է, որ քանի որ ամբողջ պատմությունը տեղի է ունեցել իմ պաշտոնավարումից առաջ, երբ ես ընդհանրապես չէի պլանավորում որևէ պետական պաշտոն զբաղեցնել, հետևաբար սա ուղղակի մի քիչ զարմանալի էլ է ինձ համար»,-ասաց նա:











