Դելիի մայրաքաղաքային շրջանի (որը ներառում է նաև Նյու Դելին) մի քանի տարածքներ ջրհեղեղի են ենթարկվել ուրբաթ գիշերը տեղացած տեղատարափ անձրևներից հետո։ Դրա մասին հայտնել է NDTV հեռուստաալիքը։
Նյու Դելիում տասնյակ ծառեր են տապալվել, ավերվել են որոշ շինություններ։ Հաղորդվում է չորս մարդու մահվան մասին։
Նյու Դելիի Ինդիրա Գանդիի անվան միջազգային օդանավակայանում վատ եղանակի պատճառով ավելի քան 120 չվերթ է հետաձգվել։ Շատերը վերահասցեագրվել են այլ քաղաքներ։ Հաղորդվում է նաև գնացքների ժամանակացույցի խափանումների մասին։
Դելիի իշխանությունները բնակիչներին խորհուրդ են տվել հնարավորության դեպքում մնալ տանը։ Հնդկաստանի օդերևութաբանական վարչությունը նախազգուշացրել է մայրաքաղաքում անբարենպաստ եղանակային պայմանների մասին մինչև շաբաթ օրը՝ կանխատեսելով տեղատարափ անձրևներ, ամպրոպներ և ուժգին քամի։



























