Լիլանարմ ՍՊԸ տնօրինությունը պարզաբանում է ներկայացրել ակտիվիստ Արթուր Չախոյանի և Երևանի քաղաքի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանի կողմից օրերս հրապարակված տեսանյութերի հետ կապված, որոնցում ներկայացված են ընկերության կողմից իրականացվող շինարարարական աշխատանքները։ 

Պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է․ «Օրերս Երևանի քաղաքի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանի և հայտնի բլոգեր Արթուր Չախոյանի կողմից համացանցում հրապարակված  տեսանյութերը պարունակում են իրականությանը չհամապատասխանող, Լիլանարմ ՍՊԸ-ի գործարար համբավն արատավորող զրպարտչական բնույթի տեղեկություններ։  

Մասնավորապես, Մեսրոպ Մանուկյանը և Արթուր Չախոյանը նկարահանում և հրապարակային ներկայացնում են մի մանկապարտեզ,  որի  հիմնանորագման աշխատանքներն ավարտված չեն, դադարեցված են և կշարունակվեն ֆինանսական միջոցների հատկացման համաձայնագիր կնքվելու պահից։ 

Տեսանյութում նկարահանված քանդվող ցանկապատը, չնորոգված կոյուղին, և կոնկրետ այդ ասֆալտը, առհասարակ նախատեսված չեն պայմանագրի նախագծա-նախահաշվային աշխատանքների մեջ։  

Ցանկանում ենք անդրադառնալ նաև Մեսրոպ Մանուկյանի կողմից շատ հաճախ հնչեցվող, Լիլանարմ ՍՊԸ կողմից իրականացված մի քանի շինարարական օբյեկտների որակի մասին ակնհայտ անհիմն քննադատություններին։ 

Վերջինս անդրադառնում է Երևանյան լճի աջակողմյա ափամերձ տարածքի բարեկարգման աշխատանքներին, Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի  հ. 134 դպրոցին հարակից խաղահրապարակների վերակառուցման աշխատանքներին և Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի  Գայի արձանի հարակից մայթերի սալիկապատման  աշխատանքներին՝ ներկայացնելով իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն։ 

Ե՛վ Երևանյան լճի աջակողմյա ափամերձ տարածքի բարեկարգման, և ՛ Գայի արձանի հարակից մայթերի սալիկապատման  աշխատանքները կատարվել են պատշաճ որակով։ Ընդ որում դրանց մասին Արթուր Չախոյանի կողմից տրվել է հաղորդում, գործը քննվել է, որևէ բնույթի խախտում չի հայտնաբերվել։ 

Ավելին, Լիլանարմ ՍՊԸ կողմից նույնիսկ երաշխիքային սպասարկման ժամկետի ավարտից հետո ընկերության սեփական միջոցներով իրականացվել են մի շարք եղանակային  կամ շինարարի կամքից անկախ հանգամանքներով վնասված կամ փոխարինման ենթակա անհրաժեշտ աշխատանքները։  

Ինչ վերաբերում է խաղահրապարակին, ապա ինչպես ցանկացած գույք, խաղահրապարակը՝ նույնպես մաշվում է, կարիք ունի հետագա սպասարկման, խնամքի և ներդրումերի։ /օրինակ՝ տարիների ընթացքում ֆուտբոլի ցանցի վնասվածք և այլն/։ 

Ի վերջո առնվազն տարօրինակ և զարմանալի է, որ այս տեսանյութերը հայտնվեցին համացանցում   Լիլանարմ ՍՊԸ կողմից Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց 44 հասցեում գտնվող «Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ շարժակազմի հավաքակայանի վարչական և վերանորոգման մասնաշենքերի հիմնանորոգման աշխատանքների Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված բաց մրցույթին մասնակցելուց և հաղթելուց հետո։ Ի դեպ հարցազրույցներից մեկում Մեսրոպ Մանուկյանը հայտնում է իրականությանը չհամապատասխանող տվյալ, ասելով, թե «չզեկուցվող հարցերի շրջանակում հրատապ խնդիրներով ու նաև բյուջեով չպլանավորված 2.5 միլիոն դոլլար արդեն հաստատված բերել էին իրենք որ Լիլիանարմ ՍՊԸ-ին տրամադրեին»։ Բոլորին հայտնի է, որ մրցույթները թափանցիկ են,  կազմակերպվում են armeps էլեկտրոնային հարթակի միջոցով, մրցույթին հաղթում է այն Ընկերությունը, որը համապատասխանում է ներկայացվող պահանջներին և առաջարկել է նվազագույն գին (աշխատանքների արժեքը 1 122 318 130 դրամ է, որը Լիլանարմ Ընկերությունը առաջարկել է իրականացնել 936 870 000 դրամով)։ Հատկանշական է, որ մրցույթին մասնակցած կազմակերպությունները որևէ կերպ կասկածի տակ չեն դրել մրցույթի իրավականությունը և դրա արդյունքները չեն բողոքարկել։ 

Ինչևէ, Մեսրոպ Մանուկյանի և Արթուր Չախոյանի կողմից Ընկերության գործարար համբավն արատավորող գործելաոճի կապակցությամբ Ընկերության կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կձեռնարկվեն համապատասխան միջոցառումներ։ 

Լիլանարմ ՍՊԸ-ի մասին 

Ընկերությունը հիմնադրվել է 2000 թվականին՝ հիմնադիր Հարություն Օհանյանի կողմից։ Ընկերությունը ՀՀ- ում կայացած, հարյուրավոր նախագծեր պատշաճ որակով և ժամկետներում իրականացրած  շինարարական ընկերություն է, որն իրականացնում է միայն բարձրորակ շինարարական աշխատանքներ: Ընկերությունը հագեցած է գերժամանակակից շինարարական տեխնիկայով, ինչն ապահովում է աշխատանքի կատարյալ արդյունք, իսկ մասնագետներն աչքի են ընկնում իրենց բարձր պրոֆեսիոնալիզմով: Լիլանարմ ՍՊԸ-ում այս պահին աշխատում են շուրջ 100 աշխատակիցներ: Լիլանարմ ՍՊԸ-ն որևէ քաղաքական ուժի չի հարել և չի հարում, իսկ ընկերության աշխատակիցների քաղաքական հայացքները կամ մոտեցումները ընկերության տնտեսական գործունեության համար նշանակություն չունեն»։