Ամեն ինչ ընթացավ այնպես, ինչպես բնորոշ պիտի լիներ տվյալ նիստին, հանձնաժողովներն են կազմավորվել, երկու փոխքաղաքապետերն են ընտրվել, արտառոց ոչ մի բան տեղի չի ունեցել, նորմալ ընթացել է։ Այս մասին, այսօր՝ մայիսի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու ավագանու ««Իմ հզոր համայնք» խմբակցության անդամ Ռուբեն Մխիթարյանը:

Հարցին՝ համագործակցելո՞ւ են ՔՊ խխմբակցության հետ, նա պատասխանեց. «Մենք աշխատելու ենք ի շահ քաղաքի, համագործակցելու ենք քաղաքի հետ կապված հարցերում: Եթե դրական կարծիք ունենանք այդ ծրագրերի վերաբերյալ, կողմ կքվեարկենք, եթե կասկածներ ունեցանք, կփորձենք միասին աշխատել ավելի լավացնելու ծրագիրը և նոր մեր դրական եզրակացությունը կտանք: Ես չեմ կարծում, որ այստեղ պետք է առանձնացնել՝ ՔՊ-ի հետ համագործակցություն կլինի, թե չէ»:

Ինչ վերաբերում է նրան, որ իրենք դեմ քվեարկեցին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հանձնաժողովի նախագահի կամ տեղակալի պաշտոնում առաջադրված թեկնածուներին, Մխիթարյանն ասաց. «Ես տեսել եմ վերջին յոթ տարվա ընթացքում, թե ՔՊ կուսակցության կադրային քաղաքականությունն իրենից ինչ է ներկայացնում։ Ի դեպ, այդ կադրային քաղաքականությունից բողոքում է հենց երկրի այսօրվա ղեկավարը: Ասում է, որ կադրերի խնդիր ունեն իրենք։ Հիմա, ես յոթ տարի տեսել եմ, թե այս պետությունն ինչի են հասցրել իր նշանակումները, ինչի՞ պիտի այս անգամ վստահեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այս կամ այն թեկնածուին: Դրա համար սա հստակ դիրքորոշում է ու դիրքորոշում է մեր սեփական ու երկրի կենսափորձից ելնելով»:

Հարցին էլ՝ ծանո՞թ էր առաջադրված թեկնածուներին, նա արձագանքեց. «Այնքանով՝ որքանով: Այսինքն ես գիտեմ այդ մարդկանց, ինչով են զբաղվել, չեմ կարծում, որ ներկա իրավիճակում իրենք լուրջ փոփոխություններ կարող են բերել այն տեղերում, որտեղ նշանակվեցին»: