Որպես ՄԶՉՊ-ն ստորագրած կողմ Իրանն իրավունք ունի ունենալ լիակատար միջուկային վառելիքային ցիկլ։ Այս մասին Х սոցցանցում գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին։

«Որպես կանոն, ես ձեռնպահ եմ մնում մամուլում բանակցությունների առանցքային տարրերի վերաբերյալ փաստարկներ ներկայացնելուց, ասում եմ՝ ստի կրկնությունը չի փոխի հիմնական փաստերը։ Որպես ՄԶՉՊ-ն (Միջուկային զենքի չտարածման պայմանագիր- խմբ.) ստորագրող երկիր՝ Իրանն ունի միջուկային վառելիքի ամբողջական ցիկլ ունենալու լիակատար իրավունք: Ավելին, կան ՄԶՉՊ մի քանի անդամներ, որոնք հարստացնում են ուրան՝ ամբողջությամբ հրաժարվելով միջուկային զենքից»,- նշել է Իրանի արտգործնախարարը։

Աբաս Արաղչին հիշեցրել է, որ բացի Իրանից, «ակումբը» ներառում է մի քանի ասիական, եվրոպական եւ հարավամերիկյան երկրներ։

«Մաքսիմալիստական ​​դիրքավորումը եւ բորբոքված հռետորաբանությունը այլ բանի չեն հանգեցնում՝ հաջողության շանսերի նվազումից բացի: Հուսալի եւ երկարաժամկետ համաձայնությունը հասանելի է: Այն ամենը, ինչ պահանջվում է, ուժեղ քաղաքական կամքը եւ արդար վերաբերմունքն են»,- եզրափակել է նա:

Հիշեցնենք, որ Իրանն ու ԱՄՆ-ը ներկայում բանակցություններ են վարում, որոնք հիմնականում վերաբերում են Իրանի միջուկային ծրագրին։

Ինչպես Վաշինգտոնը բազմիցս հայտարարել է տարբեր մակարդակներում, ԱՄՆ նպատակն է «կանխել, որ Իրանը միջուկային զենք չունենա»:

Իր հերթին, Իրանը բազմիցս ընդգծել է, որ չունի եւ չի պատրաստվում մշակել միջուկային զենք։