Առնվազն վեց մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են շաբաթ վաղ առավոտյան Հնդկաստանի արեւմտյան Գոա նահանգում կրոնական հավաքի ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի հետեւանքով, հայտնել է Press Trust of India գործակալությունը:

Հրմշտոցն առաջացել է այն ժամանակ, երբ հազարավոր հավատացյալներ խմբվել են դեպի Շիրգաո գյուղի տաճար տանող նեղ ճանապարհներին, Փանաջի նահանգի մայրաքաղաքից մոտ 40 կիլոմետր հեռու, տեղեկացրել է գործակալությունը՝ հղում կատարելով ոստիկանությանը։

Տասնյակ հազարավոր հավատացյալներ Գոայից եւ հարեւան Մահարաշտրա եւ Կարնատակա նահանգներից ներկա են եղել ամենամյա հինդուիստական փառատոնին Շրի Լայրայ Դեւի տաճարում:

Ոստիկանության գլխավոր տնօրեն Ալոկ Կումարը հայտնել է, որ հրմշտոցն առաջացել է այն ժամանակ, երբ տաճարի մոտ կանգնած մարդիկ միմյանց հրել եւ ընկել են լանջից։

Տուժածներին տեղափոխել են մերձակա հիվանդանոցներ՝ օգնություն ցուցաբերելու համար։ Իշխանությունները կարգադրել են հետաքննել միջադեպը։

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտնել է, որ վշտացած է մարդկանց զոհվելու առիթով եւ ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին։

«Տեղի վարչակազմը օգնություն է ցուցաբերում տուժածներին»,- գրել է Մոդին սոցցանցերում։