Ուկրաինայի զինված ուժերի գիշերային հարձակումից հետո Կրասնոդարի երկրամասում, Նովոռոսիյսկ քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել։ Այս մասին քաղաքի ղեկավար Անդրեյ Կրավչենկոն հայտնել է իր թելեգրամ-ալիքում։

«Նովոռոսիյսկում արտակարգ դրություն է հայտարարվել։ Կիեւի ռեժիմի գիշերային հարձակման հետեւանքով վնասվել են «Ավրորա» բնակելի համալիրի եւ Սուվորովսկայա փողոցի բազմաբնակարան շենքերը։ Վնասներ կան Արեւելյան թաղամասի մասնավոր հատվածում։ Դեպքի վայրում աշխատում են օպերատիվ ծառայությունները։ Անհրաժեշտության դեպքում մենք ժամանակավոր կացարաններ կստեղծենք»,- գրել է նա։

Ավելի վաղ Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատեւը հայտնել էր, որ անօդաչու թռչող սարքերի բեկորները վնասել են երեք պահեստարան Նովոռոսիյսկի հացահատիկի տերմինալում։ Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի գիշերային հարձակումից հետո երեք բազմաբնակարան շենք է վնասվել, հինգ մարդ վիրավորվել է, այդ թվում՝ երկու երեխա, գրել է ՏԱՍՍ-ը։