Իրաքն արգելել է հակաիրանական գրոհայինների գործունեությունն իր տարածքում՝ փորձելով ամրապնդել երկկողմ կապերը Թեհրանի հետ, տեղեկացրել է Mehr-ը։

Իրաքը պաշտոնական հրամանագիր է հրապարակել, որն արգելում է հակաիրանական զինյալների ցանկացած գործունեություն իր տարածքում, հատկապես Քրդստանում, իսլամական հանրապետության հետ երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված միջոցառումների շրջանակում:

Իրաքի «Ալ Մաալոմա2» լրատվական գործակալության  հրապարակած փաստաթղթերի համաձայն՝ որոշումն ընդունվել է Իրաքի ազգային անվտանգության խորհրդականի եւ հավանության արժանացել վարչապետի գրասենյակի կողմից։

Հրամանը կոչ է անում փակել խմբավորումների գրասենյակները եւ արգելել նրանց ռազմական, քաղաքական կամ լրատվական գործունեությունը: Այն հանձնարարում է Իրաքի անվտանգության եւ ռազմական գերատեսչություններին, ինչպես նաեւ Քուրդիստանի տարածաշրջանային կառավարությանը եւ սահմանային իշխանություններին անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հրամանի ամբողջական իրականացման համար։

Կուժեղացվի նաեւ սահմանային հսկողությունը, հատկապես լեռնային շրջաններում, որոնք նախկինում օգտագործվում էին նման խմբերի կողմից։ Հրամանում ընդգծվում է Բաղդադի եւ Էրբիլի միջեւ անվտանգության համակարգման ուժեղացման անհրաժեշտությունը՝ լիարժեք համապատասխանությունն ապահովելու համար:

Ինչպես նշել են իրաքյան լրատվամիջոցները, այս որոշումը միտված է Իրաքի ազգային անվտանգության պահպանմանը, տարածաշրջանային լարվածության աճը կանխելուն ու Իրանի հետ համագործակցության ակտիվացմանը։

Որոշումը հետեւում է համատեղ անվտանգության համաձայնագրին, որը ստորագրվել է 2023թ. Իրանի անվտանգության այն ժամանակվա բարձրաստիճան պաշտոնյա Ալի Շամխանիի եւ Իրաքի վարչապետ Մուհամեդ Շիա ալ-Սուդանիի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Կասիմ ալ-Արաջիի կողմից, հաղորդել է իրանական լրատվամիջոցը: