Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի գլխավոր տնօրեն, քաղաքագետ Իվան Տիմոֆեեւն այսօր՝ մայիսի 3-ին, «ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ երկխոսությունը եւ հնարավոր հետեւանքները Եվրասիական անվտանգության եւ Հարավային Կովկասի համար» միջազգային կլոր սեղանի ժամանակ խոսել է մի շարք ռիսկերի մասին, որոնց Հայաստանը կարող է բախվել ԵՄ-ին անդամակցության դեպքում։

Նա ընդհանուր առմամբ կասկածի տակ է դրել այդ քայլի նպատակահարմարությունը։

«Ինչի՞ համար մտնեք ԵՄ։ Ձեր արդյունաբերությունը սպանելո՞ւ համար, թե՞ գյուղատնտեսությունը։ Ինչպե՞ս եք պատկերացնում մուտքը Եվրամիություն... Ինչպե՞ս եք տեսնում մրցակցությունը ԵՄ արդյունաբերության, օրինակ՝ գերմանական արդյունաբերության հետ, ազատ առևտրի պայմաններում»,- նշել է նա։

Ռուս քաղաքագետի կարծիքով, եթե Հայաստանին հնարավորություն տրվեր ազատ աշխատել Եվրամիությունում, նա անմիջապես կկորցներ իր երիտասարդ բնակչությունը։

Որպես օրինակ՝ Իվան Տիմոֆեեւը նշել է Բալթյան երկրները, որոնց բնակչությունը, ըստ նրա, աշխատում է ավելի բարձր աշխատավարձով երկրներում, օրինակ՝ Գերմանիայում և Լեհաստանում։

«Բ կետ՝ սա ի՞նչ է։ Սա Հայաստանի անդամակցությո՞ւնն է Եվրամիությանը, ի՞նչ պայմաններով, ի՞նչ արդյունքներով»,- նշել է նա։

Ինչ վերաբերում է անվտանգության ոլորտում ԵՄ-ի հետ դիվերսիֆիկացիային, ռուս փորձագետը հետաքրքրվել է, թե ինչ անվտանգություն կարող է լինել, «երբ ԵՄանվտանգության ոլորտում զուտ երկրորդական խաղացող է»:

«Դա կազմակերպություն է, որը տարրալուծված է ՆԱՏՕ-ում, ենթարկված է նրա օրակարգին անվտանգության ոլորտում։ Եվրամիությունն ինքնին անվտանգության ոչ մի երաշխիք չի կարող տալ ոչ քաղաքական, ոչ իրավական տեսանկյունից»,- նշել է նա։