Պրահայի Զլիչին թաղամասում ապրիլի 3-ի առավոտյան ոստիկանության հատուկ գործողություն է անցկացվել՝ զինված տղամարդու մասին հաղորդման պատճառով, որին, սակայն, չի հաջողվել գտնել, հաղորդում է Novinky-ն։

Ոստիկանությունը հաղորդում է ստացել մի կնոջից, որը հայտարարել է, որ բնակարանում զինված տղամարդ է բարիկադավորվել։

Դեպքի վայր են մեկնել ավտոմատներով ոստիկաններ, կանչվել են հատուկ ստորաբաժանում և բանակցող, ներգրավվել է նաև ոստիկանական ուղղաթիռ։

«Առաջին պարեկները ապահովել են տան շուրջ պահպանությունը։ Այնուհետև հատուկ ստորաբաժանումը խուզարկել է հենց բնակարանը և տան սենյակները։ Սակայն այնտեղ զենքով ոչ ոք չի եղել», – լրագրողներին է պատմել  Պրահայի ոստիկանության ներկայացուցիչ Ռիչարդ Հրդինան։

Կնոջը, որը հայտնել էր միջադեպի մասին, տեղափոխել են ոստիկանական բաժանմունք՝ բացատրություններ տալու և «հետագա դատավարական գործողությունների» համար, հավելել է նա։ Հատուկ գործողությունն ավարտվել է առավոտյան ժամը 11-ից հետո։

Նախնական տվյալները վկայում են այն մասին, որ կինը հորինել է պատմությունը, և զինված տղամարդ երբեք գոյություն չի ունեցել, սակայն դա դեռ պետք է ստուգեն իրավապահները, հաղորդում է «Европейская правда»-ն։