Տեսակետներ են տարածվում, թե այսօրվա կառավարչին պատրաստել ենք, որ 2018-ին իշխանություն հանձնենք, որ նա էլ 2019-ին վերադարձնի մեզ, սա ուղղակի աբսուրդ միտք է: Հայկական համալսարանի ունկնդիրների եւ դասախոսների հետ հանդիպմանն ասել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանին նաեւ հարցրել են, թե ինչու ժամանակին Փաշինյանը համաներմամբ ազատ արձակվեց. «Համաներումը անձնական ակտ չէ, դրա համար էլ կոչվում է համաներում։ 2008-ից հետո Հայաստանում թշնամության պակաս չկար, հասարակությունը համերաշխ չէր։ Հասարակական համերաշխությունն ազգային անվտանգությունն ապահովող ամենակարևոր հանգամանքն է։ Համաներման ժամանակ չէինք ասելու՝ սա, սա, սա, բացի կոնկրետ մարդուց»։

Հարցին՝ ինչու 2018թ.-ին չձերբակալվեց, ապա կալանավորվեց Հանրային ռադիոյի շենք ներխուժած Նիկոլ Փաշինյանը, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Այդ ժամանակահատվածում չէինք գնահատում, որ փողոցում կան այնքան մարդիկ, որոնք զորու են իշխանափոխություն իրականացնել, որովհետեւ եթե շատ կոշտ միջոցների ես գնում, փողոցում մարդկանց քանակն ավելանում է: 2016-ին Սասնա ծռերը գրավեցին ՊՊԾ գունդը, շատերը խորհուրդ էին տալիս, մեծ ուժ գործադրել ու ավարտել  պատմությունը։ Ես ասում էի՝ ինչպես եք պատկերացնում 30-ից ավելի դիակներից հետո հասարակության վիճակը։ Ես ասում էի, ավելի լավ է իրավիճակը վտանգենք, քան երկրի ապագան։ Կամաց-կամաց հարցը լուծվեց ու մեղավորները ստացան արժանի պատիժ։ Հետահայաց կարելի է ասել, եթե այսպես անեիք, ամեն ինչ լավ կլիներ»:

Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաեւ երկրորդ նախագահի հետ փոխհարաբերություններին. «Ես Ռոբերտ Քոչարյանին թշնամի չեմ համարում: Չեմ կարծում, որ աշխարհում գոյություն ունեն երկրներ, որտեղ նախկին նախագահները 100 տոկոսով ամեն ինչում համաձայն են իրար հետ։ Իհարկե, տարբեր հարցերում կարող ենք տարբեր կարծիքներ ունենալ, դա գործին օգնո՞ւմ է, թե՞ խանգարում է, դա էլ խնդիր է, բայց նորից եմ ասում՝ արդար կլիներ ձեր կողմից, հարցը հնչեցնել նաև երկրորդ նախագահին»։

Մանրամասները՝ դիտեք տեսանյութում: