Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության առաջնորդը հարձակման է ենթարկվել, երբ կիրակի օրը Ստամբուլում հեռանում էր հիշատակի արարողությունից, հայտնում է Associated Press-ը։
Օզելը, որը գլխավորում է Ժողովրդահանրապետական կուսակցությունը (ԺՀԿ), դուրս էր գալիս քաղաքի կենտրոնում գտնվող Աթաթուրքի անվան մշակույթի կենտրոնից, երբ նրան մոտեցավ ալեհեր մի տղամարդ և բաց ափով հարվածեց նրա դեմքին, ինչպես ցույց տվեցին հեռուստատեսային կադրերը։
Կասկածյալը ձերբակալվել է, հայտնել է Ստամբուլի գլխավոր դատախազությունը։ Օզելը, որը ներկա էր շաբաթ օրը զոհված քրդամետ քաղաքական գործիչ Սիրի Սուրեյա Օնդերի հիշատակի արարողությանը, չի տուժել։
Այս միջադեպը կրկին մտահոգություններ է առաջացրել Թուրքիայում քաղաքական գործիչների անվտանգության վերաբերյալ։ 2019 թվականին Օզելի նախորդը ԺՀԿ առաջնորդի պաշտոնում՝ Քեմալ Քըլըչդարօղլուն, հարձակման էր ենթարկվել Անկարայի նահանգում զինվորի հուղարկավորությանը մասնակցելու ժամանակ։
Օզելը Ստամբուլի բանտարկված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի զինակիցն է, որը Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակիցն է առաջիկա նախագահական ընտրություններում։





























