Բրազիլիայի ոստիկանությունը հայտարարել է, որ կանխել է ռումբի պայթյունը, որը նախատեսված էր շաբաթ օրը Ռիո դե Ժանեյրոյի Կոպակաբանա լողափում Լեդի Գագայի համերգի ժամանակ, հայտնում է BBC News-ը։
Ռիո դե Ժանեյրո նահանգի քաղաքացիական ոստիկանությունը, արդարադատության նախարարության հետ համակարգմամբ, հայտարարել է, որ կասկածյալները հավաքագրում էին մասնակիցներ՝ ինքնաշեն պայթուցիկ նյութերի օգտագործմամբ հարձակումներ իրականացնելու համար, և դա արվում էր սոցիալական ցանցերում հայտնիություն ձեռք բերելու համար։
Այս ծրագրի համար պատասխանատու անձը և մի դեռահաս ձերբակալվել են, հայտնել է ոստիկանությունը X-ում։ Համերգին, որը կարելի էր այցելել անվճար, հավաքվել էր ավելի քան երկու միլիոն մարդ։
Ոստիկանությունը հայտարարել է, որ հարձակումը ծրագրող խումբը տարածում էր ատելություն բորբոքող արտահայտություններ, «հիմնականում երեխաների, դեռահասների և ԼԳԲՏ+ համայնքի դեմ»։
Ենթադրյալ կազմակերպիչը ձերբակալվել է հարավային Ռիու Գրանդի դու Սուլ նահանգում հրազենի ապօրինի պահման համար, իսկ դեռահասը ձերբակալվել է Ռիոյում մանկական պոռնոգրաֆիա պահելու համար։ Սրա համար պատասխանատու անձինք նաև նպաստում էին դեռահասների արմատականացմանը, այդ թվում՝ «ինքնավնասմանը և բռնություն պարունակող նյութերի տեղադրմանը՝ որպես պատկանելության և երիտասարդների շրջանում մարտահրավերի ձև»։
Արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ կասկածյալները ներկայացել են որպես Լեդի Գագայի երկրպագուներ, որոնք հայտնի են որպես «Փոքրիկ հրեշներ»։
Ոստիկանությունը խուզարկության օրդերներ է տվել Ռիո դե Ժանեյրո, Մատու Գրոսու, Ռիու Գրանդի դու Սուլ և Սան Պաուլու նահանգներում, առգրավվել են էլեկտրոնային սարքեր և այլ նյութեր։ «Կեղծ հրեշ» գործողությունը սկսվել է Ռիո նահանգի ոստիկանության հետախուզական ծառայության հուշումով, որը հայտնաբերել է առցանց խմբեր, որոնք խրախուսում են բռնությունը դեռահասների շրջանում՝ կոդավորված արտահայտությունների և ծայրահեղական խորհրդանիշների օգտագործմամբ։
Անվտանգության ապահովման լայնածավալ գործողության ընթացքում ներգրավված է եղել 5000 աշխատակից, և մասնակիցները պետք է անցնեին մետաղորսիչների միջով։ Միջոցառման ժամանակ իրավակարգն ապահովելու համար օգտագործվել են նաև դրոններ և դեմքի ճանաչման տեսախցիկներ։ Լեդի Գագան, որը վերջին անգամ Բրազիլիայում ելույթ է ունեցել 2012 թվականին, բեմ էր դուրս եկել իր ութերորդ՝ Mayhem ալբոմի աջակցության շրջագայության շրջանակներում։
Իր ելույթներից մի քանիսի ժամանակ երգչուհին հագած էր բրազիլական թեմատիկայով հագուստներ՝ ոգեշնչված ազգային ֆուտբոլային թիմից։




























