ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մեկնաբանել է մայրաքաղաքի Նոր Նորքի թաղապետի հետ կապված աղմկահարույց միջադեպը։
Մայիսի 5-ին լրագրողների հետ զրույցում Սիմոնյանը կատարվածն անվանել է «շատ վատ միջադեպ»։ «Պաշտոնյան, չնայած սադրանքներին, պետք է իրեն հավաք պահի, հիմա հարցը «Հանրապետություն» կուսակցության եւ քաղաքապետարանի դաշտում է։ Չեմ ուզում ընդհանուր բաների մասին խոսել։ Դժվար է այն իրավիճակում, երբ խոսքի ազատությունը շփոթում են լկտիության եւ ամենաթողության հետ, բայց պաշտոնյան պետք է կարողանա զսպել իրեն, իսկ նման կարողության բացակայության դեպքում պետք է համարձակություն ունենա ներողություն խնդրել կամ ինչ-որ քայլ ձեռնարկել»,- նշել է Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ Նոր Նորքի վարչական շենքում միջադեպ է տեղի ունեցել ակտիվիստ Արթուր Չախոյանի եւ վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի մասնակցությամբ։
Կոնֆլիկտի պատճառ է դարձել Չախոյանի մտադրությունը՝ հանդիպել թաղապետի հետ մանկապարտեզի եւ խաղահրապարակի կառուցման հարցով, ինչն առաջացրել է հանրային ընդվզում։ Վարչակազմի աշխատակիցները փորձել են կանխել հանդիպումը։ Բառը բառի հետեւից, եւ թաղապետն ու նրա տեղակալները հարձակվել են իրենց ընդդիմախոսների վրա։





























