Մոսկվայի տարբեր օպերատիվ ծառայությունների աշխատակիցների մասնակցությամբ խոշոր վթար է տեղի ունեցել Ռուսաստանի մայրաքաղաքի հյուսիս-արեւմուտքում, գրում է «Ինտերֆաքս»-ը` հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին:
Համաձայն աղբյուրի` նախօրեին ոստիկաններին է դիմել Մոսկայի հրշեջ ծառայության 25-ամյա մի աշխատակից եւ հայտնել, որ իր հեռախոսը գողացել են, ինչից հետո գողերը Renault Logan ավտոմեքենայով հեռացել են:
Պարեկները, հրշեջին նստեցնելով իրենց ծառայողական ՎԱԶ-2114 մեքենան, սկսել են հետապնդել հանցագործներին եւ ընթացքում բախվել շտապ օգնության մեքենային:
Վթարի հետեւանքով ոստիկանության 27-ամյա ավագ սերժանտը, որը մեքենայի ղեկին էր, եւ 30-ամյա պրապորշչիկը` գրավման խմբի ավագը, վնասվածքներ են ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց: Ոստիկանական եւ շտապ օգնության մեքենաները լրջորեն վնասվել են:
Փախուստի դիմած Renault մեքենային հետապնդել եւ մի քանի հարյուր մետր անց կանգնեցրել են Պետավտոտեսչության աշխատակիցները: Վարորդը` Հայաստանի 31-ամյա բնակիչը, ձերբակալվել է, բայց նրա մոտ գողացված հեռախոսը չի հայտնաբերվել:
Վթարի փաստի առիթով ծառայողական ստուգում է անցկացվում, որի ընթացքում նախատեսվում է գտնել վթարի մեղավորին, գրում է newsru.com-ը:




























