Եգիպտոսում հունվարի 3-ին սկսվել է խորհրդարանական ընտրությունների վերջին փուլը, տեղեկացնում է AFP գործակալությունը: Քվեարկությունը տեղի է ունենում Սինայի թերակղզում եւ այն շրջաններում, որտեղ նախորդ փուլերի ընթացքում ոչ մի թեկնածուի չի հաջողվել ձայների բացարձակ մեծամասնություն հավաքել, գրում է dw-world.de-ն:
Ընդհանուր առմամբ, քվեարկությունն անցկացվում է գյուղական ինը բնակավայրերում, որտեղ հաճախ բախումներ են տեղի ունենում բեդվինների, իսլամիստների, մաքսանենգների եւ ուժային կառույցների զինյալների միջեւ, եւ որտեղ թեկնածուների պատկանելությունը որոշակի կլանին ընտրողների համար ավելի մեծ նշանակություն ունի, քան նրանց քաղաքական հայտարարությունները, նշում է dpa գործակալությունը:
Նախագահ Հոսնի Մուբարաքի տապալումից հետո 2011թ. փետրվարին Եգիպտոսի առաջին խորհրդարանական ընտրություններում խորհրդարանի տեղերի երկու երրորդը բաժին է ընկնում կուսակցական ցուցակներին, մեկ երրորդը` մեկ մանդատավոր շրջաններին: 18 նահանգներում, որտեղ ընտրություններն անցել են նոյեմբերին եւ դեկտեմբերին, համոզիչ հաղթանակ են տարել ավելի վաղ արգելված «Մահմեդական եղբայրներ» կուսակցության իսլամիստները եւ սալաֆիստները: Նրանք ստացել են ձայների 65 %-ը:




























