Մայիսի 6-ի գիշերը տասնյակ ուկրաինական անօդաչու սարքեր փորձել են գրոհել Մոսկվան, հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ Նրա խոսքով՝ 19 անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից, երբ նրանք մոտենում էին քաղաքին։ Անօդաչու սարքերը դեպի Ռուսաստանի մայրաքաղաք թռել են մի քանի ալիքներով։ Ընդհանուր առմամբ հարձակումը տեւել է ժամը մեկից մինչեւ գիշերվա երկուսն անց կես։
Mash-ի եւ Shot-ի տվյալներով՝ անօդաչուներից մեկի բեկորները հարվածել են Կաշիրսկոյե մայրուղում գտնվող ինը հարկանի բնակելի շենքին: Հարվածային ալիքը կոտրել է վերին հարկերի եւ ծաղկի խանութի պատուհանները։ «Նախնական տեղեկություններով՝ լուրջ ավերածություններ կամ զոհեր չկան»,- նշել է Սոբյանինը։ Այնուամենայնիվ, ըստ տեղի բնակիչների, դեպքի վայր են ժամանել շտապօգնության եւ հրշեջ բրիգադներ։ Վթարի ենթարկված տունը գտնվում է մետրոյի Կաշիրսկայա կայարանի մոտ, Կրեմլից մոտավորապես 11 կիլոմետր հեռավորության վրա։
Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետեւանքով «Ռոսավիացիան» ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի» եւ «Շերեմետեւո» օդանավակայանների աշխատանքում: Օդանավակայանները չեն ընդունել կամ բաց չեն թողել թռիչքները առավոտյան մեկից մինչեւ առավոտյան հինգը։ Այս ընթացքում Մոսկվայի մարզի օդանավակայաններ թռչող 34 ինքնաթիռներ ուղղորդվել են այլընտրանքային օդանավակայաններ։ Ընդհանուր առմամբ, ըստ ՌԴ պաշտպանության նախարարության, անցած գիշեր ուկրաինական 105 անօդաչու թռչող սարք է որսացվել եւ ոչնչացվել ավելի քան 11 մարզերում։ Մայրաքաղաքի վրայով 19 անօդաչու թռչող սարքերից բացի, 32 անօդաչու թռչող սարք խոցվել է Բրյանսկի, 22-ը՝ Վորոնեժի, 10-ը՝ Պենզայի, 9-ը՝ Կալուգայի, եւ 6-ը՝ Բելգորոդի մարզերում։
Երկու անօդաչու թռչող սարք խոցվել է նաեւ Լիպեցկի եւ Սամարայի մարզերում, մեկական անօդաչու թռչող սարք Վլադիմիրի, Կուրսկի եւ Ռոստովի մարզերում։
Նախօրեին՝ մայիսի 5-ին, չորս ուկրաինական անօդաչու թռչող սարքեր նույնպես փորձել են հարձակվել Մոսկվայի վրա, սակայն դրանք որսացել են մերձմոսկովյան Պոդոլսկում, հաղորդել է Սոբյանինը։ Տուժածներ եւ ավերածություններ չկան։ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանը, որը գտնվում է Պոդոլսկից 50 կիլոմետր հեռավորության վրա, մեկուկես ժամով դադարեցրել է աշխատանքը։ Նախկինում ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր ապրիլի 29-ին Մոսկվայի շրջանի երկնքում ուկրաինական երկու անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին, իսկ նախորդ լայնածավալ հարձակումը տեղի էր ունեցել մարտի 11-ին, որին մասնակցել է 91 անօդաչու թռչող սարք։ Երեք մարդ մահացել է, եւս 20-ը՝ տուժել։



























