Ոչ Ընտրական օրենսգրքով, ոչ էլ ՏԻՄ օրենքով չկա հնարավորություն հրաժարվելու մանդատը դնելու մասին սեփական դիմումից, հատկապես, որ արդեն արձանագրվել է քո դիմումը: Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, Գյումրիում լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Սոս Հակոբյանը, ով նաեւ «Մեր քաղքը» դաշինքի կազմում ընդգրկված «Հայրենիք» կուսակցության անդամ է:
Նա նկատեց, որ օրինակ ԱԺ պատգմավորների դեպքում սահմանված է մեկժաբաթյա ժամկետ, որի ընթացքում պատգամավորը կարող է հրաժարվել մանդատը վայր դնելու իր դիմումից. «Եթե ավագանու անդամը հրաժարականը ներկայացրել է, համայնքի ղեկավարն այն արձանագրում է, նույնը ֆիքսում է նաեւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը: Բայց Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը սահմանված 7-օրյա ժամկետում արձանագրությունը չի կազմել:
Եվս մեկ հանգամանք, Գյումրիի ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության անդամի պաշտոնից հրաժարական ներկայացրած Կարեն Բադալյանը մայիսի 2-ին դիմել է վարչական դատարան՝ խնդրելով անվավեր ճանաչել համայնքի ղեկավարի արձանագրությունը, որով ֆիքսվել է իր հրաժարականը: Քանի որ մենք ունենք Վանաձորի վատ փորձը, այստեղ էլ կա հնարավորություն, որ հայցի ապահովման միջոց կիրառելու կամ մեկ այլ եղանակով կփորձեն անվերջ ձգել այս վիճակը: Պատկերացրեք, որ 3 տարի հետո դատարանն ասի, որ համայնքը ճիշտ էր, Կարեն Բադալյանը սխալ, ո՞ւմ է պետք լինելու այդ որոշումը»,-ասաց նա:
Սոս Հակոբյանը մտավախություն հայտնեց, որ իշխանությունները մտադիր են ավագանու եւս երկու մանդատ «իրենցով անել» ու դրանով զավթել իշխանությունը Գյումրիում. «Ամեն ինչ սկսվում էմեկ ավագանու անդամից: Այո, մեկ անդամով հարաբերակցությունը չի փոխվում, անգամ եթե Կարեն Բադալյանը անօրինական ձեւով շարունակի մնալ ավագանու անդամ: Բայց 5-6-ի հաշվարկն էլ է սկսվում մեկից: Մեր խնդիրն է թույլ չտալ դա և հենց այս փուլում կանգնացնել գործընթացը»:
Այժմ Սոս Հակոբյանը եկել էր Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով՝ հասկանալու, թե ինչու օրենքի պահանջը չի կատարվել և արձանագրություն չի կազմվել:
Հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը տեղում չէր, հեռախոսով նա հայտարարեց. «Եթե դուք գտնում եք, որ ինչ-որ բան մեր հանձնաժողովը սխալ է, դիմեք ԿԸՀ», ապա անջատեց հեռախոս:
Նշենք, որ Գյումրիի ավագանու «Մեր քաղաքը» խմբակցությունից Կարեն Բադալյանը նախապես դիմում էր գրել, որ հրաժարվում է մանդատից: Համայնքի ղեկավարը կազմել է արձանագրություն եւ ուղարկել Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:
Իր դիմումից երկու օր հետո Կարենը Բադալյան նորից դիմում է գրել, որ խնդրում է անտեսել իմ դիմումը, ցանկանում եմ շարունակել պաշտոնավարել որպես ավագանու անդամ և ուզում է դուրս գալ «Մեր քաղաքը» խմբակցությունից:
Իսկ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը համայնքի ղեկավարից ստանալով հրաժարականի մասին արձանագրությունը սահմանված 7-օրյա ժամկետում արձանագրություն չի կազմել:











