Մայիսի 4-ին ԱԻՆ-ը հայտնել է Վսեւոլոժսկի Լենինգրադսկայա փողոցի տներից մեկում բռնկված հրդեհի մասին։ Ավելի ուշ բնակարանում հայտնաբերվել է Հայաստանի 37-ամյա քաղաքացու դի, իսկ պատուհանների տակ՝ 24-ամյա աղջիկ ծանր վիճակում, գրել է «Фонтанка» պարբերականը։

Պարբերականի տվյալներով՝ այդ օրը բնակարան են ներխուժել «Ռուսական համայնք» շարժման նեոնացիստները։ Այս մասին բնակմակերեսի տիրուհուն պատմել է նրա որդին։

Նրա խոսքով՝ անհայտ անձինք, որոնք ներկայացել են որպես ոստիկաններ, փորձել են մտնել բնակարան։ Նրանք կոտրել են դուռը, «գազ փչել տուժածի վրա եւ հարվածել էլեկտրաշոկերով», գրել է «Фонтанка»-ն։ Անհայտ անձինք փորձել են կոտրել այն սենյակի դուռը, որտեղ թաքնվել են կենվորի ծանոթները, որից հետո հրդեհ է բռնկվել։

Բնակարանի տիրուհին պատմել է, որ երբ ժամանել է դեպքի վայր, սանդղահարթակում տեսել է «Ռուսական համայնքի» խորհրդանիշներով եւ դիմակներով, սեւ հագած մեծ թվով տղամարդկանց»։

Ուլտրաաջ շարժման ակտիվիստները «Мойка78» պարբերականին պատմել են, որ հարեւան բնակարանների բնակիչները ճիչեր են լսել, եւ բնակարանի սեփականատերը, իբր, կապվել է «Ռուսական համայնքի» հետ, որպեսզի նեոնացիստները ուղեկցեն իրեն։ Նրանք պնդում են, որ կնոջը պաշտպանելու համար օգտագործել են պղպեղի գազ, իսկ հրդեհը կազմակերպել է ՀՀ մահացած քաղաքացին։

Պարբերականը գրել է, որ ՔԿ-ն քրեական գործ է հարուցել «անզգուշության պատճառով մահ պատճառելու» հոդվածով։