Ես այդ մարդուն (Կարեն Բադալյանին– խմբ.) չեմ ճանաչում, իսկ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» կապ չունի «Մեր քաղաքը» դաշինքի շուրջ տեղի ունեցողի հետ։ Այս մասին մայիսի 6-ին լրագրողների հետ զրույցում ասել է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա տարակուսանք է հայտնել այն կասկածների առնչությամբ, որ Գյումրիում իշխանափոխության համար իշխող ուժը պետք է մարդ «գողանա». «Լո՞ւրջ, իսկ ի՞նչ, նախկինում ավագանիում (Գյումրի- խմբ.) խնդիրներ չե՞ն եղել, ինչ-որ մեկը որոշել է հրաժարվել մանդատից, հետո մտափոխվել է, բայց չգիտես ինչու սկսում են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետքերը փնտրել։ Խորհրդարանում կան «Հայաստան» խմբակցությունից կամ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից դուրս եկած պատգամավորներ։ Եվ ի՞նչ», նշել է Սիմոնյանը։ Երբ նրան օրինակ են բերել Վանաձորի ավագանու ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը, խորհրդարանի նախագահը բացատրել է, որ Արկադի Փելեշյանը այն ժամանակ երրորդ տեղն է զբաղեցրել եւ «երկնքից չի ընկել»։ Այն, որ Փելեշյանն այժմ փաստացի ղեկավարում է Վանաձորը, Սիմոնյանը նորմալ պրակտիկա է անվանել խորհրդարանական երկրների համար։

Նա լուրջ կասկած է հայտնել, որ Մամիկոն Ասլանյանը (Վանաձորի քաղաքապետի թեկնածուն, որն այն ժամանակ հավաքել էր ամենաշատ ձայները– խմբ.) ավելի ուրախ չէր լինի աշխատել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ, որը, սակայն, նման ցանկություն չուներ։  «Այդ դեպքում ինչպե՞ս է քաղաքապետ դառնում Գյումրիում հաղթողի կես ձայն ստացած թեկնածուն։ Երբ դա տեղի է ունենում ընդդիմության հետ, դա համարվում է ժողովրդավարության դրսեւորում, բայց հենց իշխանություններին է վերաբերում, սկսում են մեղադրել մարդ առեւանգելու մե՞ջ»,- եզրափակել է Ալեն Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը հայտարարել էր, որ ապրիլի 21-ին «Մեր քաղաքը» դաշինքի անդամ Կարեն Բադալյանը մանդատից հրաժարվելու մասին հայտարարություն է ներկայացրել, սակայն երկու օր անց նոր հայտարարություն է ներկայացրել, որտեղ նշել է, որ ցանկանում է մնալ Գյումրու ավագանու անդամ եւ լքել խմբակցությունը։ Տարածքային ընտրական հանձնաժողովը, ստանալով համայնքի ղեկավարից հրաժարականի արձանագրություն, պետք է սահմանված 7-օրյա ժամկետում կազմեր արձանագրություն եւ որոշում կայացներ մանդատը ցուցակի հաջորդ թեկնածուին փոխանցելու մասին, ինչը չի արել։ Ընդդիմադիրները կասկածում են, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ցանկանում է մանդատը գողանալ «Մեր քաղաքը» դաշինքից։