Հանրապետականը երբ որ ասելիք է ունենում, ասում է ուղիղ ու պատասխանատվություն է կրում իր ասածների համար. մենք երբեք միջնորդավորված ոչ մեկի հետ չենք խոսել, ի տարբերություն որոշ ուժերի, որ յոթ տարի շարունակ ֆինանսավորել են այս կամ այն պադվալներից, տարբեր գրասենյակներից, վարձու գործիչների, ավելի ճիշտ գործիքների աշխատանքը Հանրապետականի դեմ։ Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

«Մենք միշտ խոսում ենք ուղիղ, խոսում ենք մեր դեմքով և մեր ասելիքին տեր ենք»,-ասաց նա:

Հարցին՝ որտեղի՞ց էին այդ գործիքները, Մամիջանյանը պատասխանեց. «Ես բազմիցս դրա մասին խոսել եմ, այդ արշավը յոթ տարի շարունակ Հանրապետականի և Սերժ Սարգսյանի դեմ, այդ կեղտոտ, սուտ արշավը վարող մարդկանց զգալի հատվածը ներկայանում է որպես Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ:

Ես խիստ կզարմանամ, եթե որևէ մեկը ներկայանում է որպես Ռոբերտ Քոչարյանի աջակից, ասում է բաներ, որոնք իր համար պիտի որ ընդունելի չլինեն, ու ինքը այդ ընթացքում իրենց չի սաստում, սա է իմ կարծիքը այդ հարցի շուրջ»:

Դիտարկմանը, որ «Հայաստան» դաշինքն էլ հայտարարում է, որ այս իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելու նպատակը «Հայաստան» դաշինքին թիրախավորելն է, Մամիջանյանն ասաց. «Նախ, ես չեմ մեկնաբանելու «Հայաստան» դաշինքի հայտարարությունը: Ձեր հարցի մեջ նշած տրամաբանությամբ ստացվում է որ կան մրդիկ, որոնք Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը տեսնում են դեմ այս կամ այն ուժին: Ես այդպես չեմ տեսնում ու վստահ եմ, որ իրենք ձեր հարցի ձևակերպման հետ չեն համաձայնվի: Այս գործընթացը Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց է, եթե կան ինչ-որ մարդիկ, որոնք Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը ընկալում են որպես իրենց դեմ գործընթացներ, ես ոչինչ այդտեղ ասել չեմ կարող:

Որպեսզի այս գործընթացը բարդույթներ, ամբիցիաներ, քաղաքական նկրտումներով չբարդանա, մենք պատրաստ ենք թեկնածուի շուրջ քննարկումներին, զրո ամբիցիայով, ինչպես եղել է այս յոթ տարիների ընթացքում: Իրական ընդդիմադիր ցանկացած թեկնածուի հետ, մենք սիրով կնախաձեռնենք այդ գործընթացը։ Այո, եթե «Հայաստան» դաշինքը առաջարկի Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, մենք դրան կմիանանք»: