Արտաշատ խոշորացված համայնքի բնակավայրերը լրջորեն տուժել են ուժեղ կարկուտից: Արևշատ գյուղի բնակիչներից Մարտիրոս Եղիազարյանը  NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ բերքի մեծ մասը թափվել է, իսկ որն էլ մնացել է ծառի վրա, մի քիչ որ մեծացավ, լրիվ անպետք ու անորակ է լինելու:

«Անորակ ապրանքը ի՞նչ են անում, հանձնում են կոնսերվի գործարան: Բերքահավաքի ժամանակ օրավարձով աշխատողը կիլոն 100 դրամով ծիրան է քաղում, 40 դրամով գործարանը ծիրան է ընդունելու, հո ես  հիմար չեմ, պիտի քաղեմ, մի հատ էլ ծախս անեմ, տանեմ տամ գործարանին: Ավելի լավ չի՞, թափի, նեխի, վերջանա, գնա: Դե դա մեր ճակատագիրն է»,-ասաց նա:

Գյուղացին նշեց, որ ինքն ունի 1,5 հեկտար յգի, որտեղ ամեն տեսակի բերք էլ աճեցնում է. «Ամեն տարի գարնան սեզոնից մինչև բերքի հասունանալը 2-3 միլիոն դրամ ծախսվում է: Հիմա մեր եկամուտը հանելու մասին մոռացանք, պետք է բանվորության գործ ճարենք, աշխատենք, որ մեր ընտանիքները սոված չմնան:

Ես փոխհատուցման ոչ մի ակնկալիք չունեմ: Ի՞նչ են տալու, գալու են այսպես նայեն, ասեն մի 5000 դրամ, 10000 դրամ, կամ լավագույն դեպքում մի 100000 դրամ: Ի՞նչ 100 հազար դրամի մասին է խոսքը, ես մենակ ոռոգման ջրին 150-200 հազար տարեկան փող եմ տալիս: Եթե կարում են, թող փոխհատուցեն  ջրերի վարձը, գոնե այս տարի ջրերը տան, որ ծառը ջրվի, որ եկող տարին նորից բերք տա։

Ես չեմ հավատում, որ ինչ-որ մեկը փոխհատուցում տա, ո՞ր մեկին տան: Ամբողջ Արտաշատի շրջանը այսպես է, տեղեր կան, որ սրանից էլ վատ է։ Այս կառավարությունից սպասելիք ընդհանրապես չունեմ ես»,-ասաց գյուղացին:

Նա կոչ արեց կառավարությանը ջրի կորուստների հարցը լուծի. «Ամեն մեկը, որ ուզեցել է ընտրվի, սկսված Փաշինյանից, նախորդներից ու ապագաներից, քարոզարշավների ժամանակ սարուձոր են խոստանում, չէ, ընտրվեցին, վսյո, պրծավ, ի՞նչ գյուղացի, ի՞նչ բան»:

Հարցին՝ ինչպե՞ս է մարելու վարկերը, Մարտիրոս Եղիազարյանը պատասխանեց. «Հենա մեքենաս, վրան գրել եմ՝ վաճառվում է։ Ուրիշ ելք չունեմ։ Մեքենան կվաճառեմ, թող մի տարի էլ առանց մեքենա մնամ, ոչինչ։ Մի հատ էլ հեծանիվ ունեմ, դա կպահեմ»: