«Հայաստան» խմբակցությանը դեմ չի իմպիչմենտի գործընթացին, մինչդեռ այն մարդիկ, որոնք ասում են, որ այս փուլում իմպիչմենտի անհրաժեշտությունը կա, մեզ համար անթույլատրելի հայտարարություններ են արել, թե դրան դեմ է Նիկոլ Փաշինյանը և Ռոբերտ Քոչարյանը։ Այս մասին, այսօր՝ մայիսի 6-ին, ԱԺ-ում NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
«Դա մեղմ ասած, ճիշտ չէ, եթե չասենք թիրախավորում է «Հայաստան» դաշինքին, որովհետև հենց մենք ենք բազմիցս ասել, որ այդ գործիքակազմը պետք է օգտագործվի: Բայց դրա համար պետք է մի քանի քայլեր կատարել, հետո նոր այդ իմպիչմենտի գործընթացը ձեռնարկել: Ես հիշեցնեմ, որ իմպիչմենթի գործընթացը սկսելու համար պետք է 36 պատգամավորի ստորագրությունը, և դրանից հետո էլ կարիք կա, որպեսզի ՔՊ պատգամավորները, 18 հոգի միանան դրան, որպեսզի գործընթացը իր տրամաբանական ավարտին հասնի։
Մենք այս ընթացքում բազմաթիվ շարժումներ, փողոցային պայքարներ գեներացել ենք և շատ լավ հասկանում ենք, որ վերջնարդյունքի համար պետք է պլանավորված քայլերի հաջորդականություն, մարդկային ռեսուրսներ, նաև ֆինանսական ռեսուրսներ, կազմակերպչական հսկայական աշխատանք: Դրա համար պետք է միասնական ջանքերի համատեղում, որ հայտ ներկայացնող կուսակցությունների և քաղաքական միավորների լայն կոնսոլիդացիա լինի, ամեն մեկն իր պատասխանատվության բաժինը ստանձնի, կոնկրետ հստակ ճանապարհային քարտեզը գծվի: Դրա համար նաև անհրաժեշտ է, որպեսզի ՔՊ պատգամավորների հետ աշխատանք տարվի»,-ասաց նա:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների միջեւ փոխադարձ մեղադրանքներին, Մանիելյանը նշեց, որ պետք է վերջ տալ ընդդիմության ներսում գզվրտոցներին և միմյանց նկատմամբ կսմիթներին, քանի որ մենք այսօր գոյաբանական խնդիր ունենք։ Նրա խոսքով, այդ գզվռտոցը ընդդիմադիր հայացքներ ունեն, հազարավոր մարդկանց սրտով էլ չի. «Մեզ միայն ասում են՝ միավորվեք, ջանքերը մեկտեղեք, այս ազգակործան չարիքից ազատվեք»:
Անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի հայտարարությանը, որ եթե վարչապետի թեկնածու առաջադրվի Ռոբերտ Քոչարյանը, իրենք կաջակցեն, Գառնիկ Դանիելյանն ասաց. «Ռոբերտ Քոչարյանին առաջադրելու հետ կապված քննարկում չկա, «Հայաստան դաշինքը» ինքը պիտի որոշի՝ որ թեկնածուին է ինքը առաջ քաշում, որ թեկնածուն է ավելի նպատակահարմար: Այդ թեկնածուն պետք է լինի կոնսենսուսային թեկնածու և այն անձը պետք է առաջադրվի, որի շուրջը համախմբում տեղի ունենա և հնարավոր լինի այդ պրոցեսները գեներացնել»:
Հարցին՝ դուք նկատո՞ւմ եք, որ այս պրոցեսը նաև երկրորդ նախագահի դեմ է ուղղված, նա արձագանքեց. «Եթե կոնկրետ թիրախավորվում է այս ամեն ինչի մեջ Ռոբերտ Քոչարյանը, մենք պետք է ենթադրենք, որ նաև դրա էլեմենտները կա: Եթե այդպես չլիներ, այդ խոսույթով հանդես չէին գա: Ի՞նչ կարիք կա, երկրորդ նախագահին անընդհատ մեջբերել և ստահոդ ապատեղեկատվություն տարածել, թե իբր Ռոբերտ Քոչարյանը դեմ է իմպիչմենտին: Այդ անունը շահարկելը ինչի համար է, ո՞րն է դրա նպատակը, կամ անընդհատ «Հայաստան» դաշինքին թիրախավորելը, ո՞րն է դրա նպատակը, ի՞նչ ի՞նչ են ուզում դրանով հասնել: Ինձ համար անընդունելի է այդ ամեն ինչը»:
Նա վստահեցրեց, որ եթե բանը հասնի թեկնածու առաջադրելուն, իրենք պատրաստ են դա քննարկել «Պատիվ ունեմ»-ի հետ: «Եթե ես հիմա ասեմ՝ ում որ բերեն, ես իմ համաձայնությունը կտամ, դա անուրջ կլինի: Ո՞նց կարող է ինչ-որ քաղաքական ուժը ասի՝ ում էլ որ բերեք, ես համաձայն եմ, չի կարող այդպես լինել:
Հետո, չհաջողվելու դեպքում ընդդիմադիր մեր հայրենակիցները հիասթափության հերթական ալիքն է առաջանալու: Մենք եթե մի բան անում ենք, պիտի միտված լինենք արդյունքի: Դուք ո՞նց եք պատկերացնում, մենք ասենք՝ դե բան է՝ անում ենք, կլինի՝ կլինի, չի լինի՝ չի լինի:
Այստեղ ինչ-որ դավադրություններ որոնելու, ինչ-որ մեղավորներ գտնելու կամ համարելու, որ մենք իրական ընդդիմադիր չենք, մենք ոչ մեկին այդ հիմքը չենք տվել:
Ես չեմ ասում, թե մենք իդեալական աշխատանք ենք տարել, որ քննադատությունների տեղիք չկա, իհարկե, եթե Նիկոլ Փաշինյանը մինչև հիմա իշխանություն է, ուրեմն մենք և թերացումներ ենք ունեցել, և բացթողումներ ենք ունեցել և ինքներս մեր աշխատանքից գոհեր չենք:,-ասաց նա:











