Այս իշխանության օրոք պետական աջակցության ծրագրերից մաքրում ես պոպուլիզմը և միանգամից ակնհայտ են դառնում դրա անհասցե բնույթը, պետական միջոցների փոշիացման փաստերը, տրված օգնության նպատակի և բովանդակության անհամապատասխանությունը: Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ունեցած ելույթում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավորև Թադևոս Ավետիսյանը։

Նշելով, որ սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին բնակարանային աջակցության ծրագիրը նախորդ տարի կասեցվել է՝ Ավետիսյանը նշեց, որ այն պետք է շարունակվեր մինչև 2025 թվականը։

Պատգամավորը հիշեցրեց, որ ծրագրով սահմանամերձ գյուղերի բնակիչներին հնարավորություն էր տրվում 16 մլն դրամի՝ պետության կողմից փոխհատուցվող հիփոթեքային վարկով տներ կառուցել, բայց առաջնային շահառուները չեն ստացել աջակցություն, փոխարենը այդ ծրագրից օգտվում են դրա  կարիքը չունեցող և դրված ծրագրերին չհամապատասխանող քաղաքացիները։

Նա տեղեկացրեց, որ Սունիքի մարզի Տեղ գյուղի նախկին զինծառայողին, որը վարձով է բնակվում, մերժել էին ծրագրում ընդգրկել։

Ավետիսյանը նշեց, որ այցելել է Գեղարքունիքի սահմանամերձ բնակավայրեր և Սոթք գյուղի բնակիչներն էլ են բողոքել, որ չեն կարողացել օգտվել ծրագրից, փոխարենը ծրագրով կառուցված տները դառնալու են ամառանոցներ, որոնց տերերը ոչ միայն գյուղի բնակիչ չեն այլև մարզպետարանի աշխատակիցներ են կամ սերտ կապեր ունեն պետական և տարածքային կառավարման մարմինների տարբեր պաշտոնյաների հետ։

«Այս իշխանությունը թոշակ և նպաստ չի բարձրացնում, փոքր բիզնեսի հարկային բեռն ավելացնում է, նաև  հիմնավորելով, թե իբր սահմանամերձ բնակավայրերում են իրականացնում աջակցության ծրագրեր, իրականում սահմանամերձ բնակավայրերի թոշակառուների և սոցիալապես անապահով ընտանիքների խնդիրները խորանում են։ Իսկ սեփական միկրոբիզնեսով զբաղվողների հարկային բեռն կրկնապատկվում է այն նպատակով, որ ճարպիկ, ապահովված կամ օրվա իշխանությունների հետ սերտ կապերի մեջ  գտնվող քաղաքացիներ այդ բնակավայրերում կառուցեն ամառանոց պետական ֆինանսական միջոցներով»։