Ռուսական զորքերը մայիսի 6-ի երեկոյան հարձակվեել են Զապորոժիեի վրա հարձակողական անօդաչու թռչող սարքերով։ Հրետանային ռմբակոծության հետևանքով վնասվել են շենքեր, փլատակների տակ մարդիկ կան, հաղորդում է РБК-Украина՝ վկայակոչելով Զապորոժիեի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆեդորովի հեռագիրը։
«Ռուսական հարձակման հետևանքով քաղաքում շենքեր են վնասվել։ Նախնական տվյալներով՝ փլատակների տակ մարդիկ կան։ Արտակարգ ծառայություններն ուղարկվում են գնդակոծման վայրեր»,-նշել է Ֆեդորովը։
Ըստ նրա՝ ռուսական հարձակման հետևանքով քաղաքի թաղամասերից մեկում հրդեհ է բռնկվել։
Ֆեդորովը հավելել է, որ ռուսական զորքերը Զապորոժիեի վրա իրականացրել են առնվազն 13 հարված։ Քաղաքի տարբեր թաղամասերին վնասներ են հասցվել, բռնկվել են հրդեհներ։
Ավերվել է նաև մասնավոր առանձնատուն։ Նախնական տվյալներով՝ փլատակների տակ երկու մարդ կա։





























