ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ «սրտիկել» է Հայկ Մամիջանյանի՝ իր դեմ արված գրառումը:

Նշենք, որ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն արձագանքել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ իր մասին գրառմանը՝ մասնավորապես, նշելով. «...Իրականում ոչ միայն իմ ճեպազրույցը լուսաբանող տեսախցիկները, այլև ԱԺ անվտանգության համակարգի տեսախցիկները, աստիճանների վրա սելֆի անող դպրոցականների այֆոնների տեսախցիկները, Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկի «կամեռան» ու նույնիսկ Անտառայինի արագաչափը՝ բոլորը նետվեցին անմահացնելու, թե ինչպես է Ալեն Սիմոնյանը ճաշարանից աշխատասենյակ քայլում, ես նույնիսկ կասեի ճեմում»։

Այսօր NEWS.am-ի թղթակիցը հանդիպելով ԱԺ միջանցքում քայլող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, հետաքրքրվել է, թե արդյոք «ճեմում է» դեպի ճաշարան:

ԱԺ նախագահը նախ հետաքրքրվեց, թե ինչ է նշանակում ճեմել, ապա տեղեկանալով Հայկ Մամիջանյանի՝ իր մասին արված գրառմանը, ասաց. «Հենց հիմա ես կսրտիկեմ»:

Հենց նույն պահին Ալեն Սիմոնյանը բացեց հեռախոսն ու «սրտիկեց» գրառումը:

Հիշեցնենք, որ երեկ Ալեն Սիմոնյանը թելեգրամի իր ալիքում գրել էր. «Ուրեմն, Հայկ Մամիջանյանը ճեպազրույցա տալիս ու ասում.  «Թող Ալեն Սիմոնյանը մտածի իր վարկանիշի մասին, երբ ժամանակը՝ գա մենք հարյուրներով, հարյուր-հազարներով կհամոզենք ՔՊ պատգամավորներին, ինչ վերաբերվում է ինձ, ես սովոր եմ բանակցել ուժի տեսանկյունից...»:

Այս վերջին բառերը նա ասում էր արդեն կադրից դուրս, որովհետև ես միջանցքով անցնում էի, և պարոն Մամիջանյանը մնաց առանց տեսախցիկի և բարձրախոսի, իսկ ճեպազրույցն ավարտվեց։

Պարոն Մամիջանյան, մի կրկնեք ձեր նախորդների սխալները, թե դուք, թե մնացած ընդդիմադիրներդ: Մի փոքր զուսպ եղեք: Նույնիսկ ձեր հարցազրույցը, ուր դուք խոսում եք վարկանիշներից և հարյուր-հազարներից, տևելու է այնքան, մինչև ես ճաշարանից դեպի իմ աշխատասենյակ քայլեմ»։