Մենք ձեր ասած օրական 1700 դրամ աշխատավարձ հասկացողություն առհասարակ չունենք, մարտական հերթապահություն իրականացնողների աշխատավարձը նվազագույնը օրական մոտ 4000 դրամ է, սակայն կապված դիրքերի կահավորվածության վիճակից նաև դրա վրա ավելանում է գումար: Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, ԱԺ-ում հայտարարեց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ անդրադառնալով Գեղամ Մանուկյանի պնդմանը, թե սերժանտների աշխատավարձն օրական 1700 դրամ է:

«Այսինքն զինծառայողն ստանում է աշխատավարձ, դրա վրա ավելանում է հավելում առնվազն 4000 դրամ և նաև դիրքերի վիճակից ելնելով որոշակի գումար: Աշխատավարձը, որը դուք նշեցիք 220 000-ի չափով, դա մինիմալն է, իսկ  ինչ ես ասում եմ, դրանք հավելումներ են կառավարության 712 որոշումով սահմանված կարգով։

Այնպես որ, և ատեստավորումը, և աշխատավարձը, դրանք փոխկապակցված են զինվորականի թե սոցիալական վիճակի, թե զինծառայողի կարգապահության, թե իր ֆիզիկական ամրակազմ վիճակի պահպանության, թե սպառազինությունից, ռազմատեխնիկայից օգտվելու կանոնների իմացության հետ, միայն դրականին են միտված»,-ասաց նա:

Անդրադառնալով պնդմանը, թե դիպուկահարը ատեստավորման ժամանակ կտրվել է շարայինից, փոխնախարարն ասաց. «Շարայինը դա հենց զինվորական կեցվածքին մեր ցանկալի զինվորին հասնելու համար իրականացվող միջոցառում է: Շատ զինվորականներ են, որոնք ունեն որոշակի առողջական խնդիրներ, ես անձամբ եմ տեսել, ով շարայինին մասնակցել և գերազանց են հանձնել, ընդամենը պետք է ջանալ, ընդամենը պետք է չարչարվել և այդ աշխատավարձին որպես հավելում  ստանալ նաև այլ գումարներ:

Այս պահին հստակ կարող եմ ասել, 9,9 խմբի մեր ատեստավորված սերժանտի աշխատավարձը, որը կարող է նաև չունենալ բարձրագույն կրթություն, կազմելու է առնվազն 670 000 դրամ: Դրանից ներքև 9,8 խմբինը կազմում է  635 000 դրամ:

Մենք լավ ատեստավորված ամենացածր սերժանտի աշխատավարձը լինելու է մոտ 490 000 դրամ: Կարծում եմ՝ սա հրապուրիչ է, գրավիչ է, մենք սա կարող ենք հիրավի համարել որպես դրական մոտեցում թե սոցիալական վիճակի բարելավման իմաստով, և թե մեր զինված ուժերը պատրաստված սերժանտներով համալրելու իմաստով»: