ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը բացառեց, որ ՔՊ խմբակցությունից որեւէ մեկը կարող է միանալ վարչապետի իմպիչմենտի հնարավոր գործընթացին:
«Սա բացարձակապես դատարկամիտ օրակարգ է»,- այսօր՝ մայիսի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա:
«Նույնիսկ «Հայաստան» խմբակցության ղեկավարն է հայտարարել, որ վարչապետի իմպիչմենտի հիմք գոյություն չունի: Ես ավելի շատ կարծում եմ, որ սա ընդդիմության ներսում իրար հետ հաշիվներ մաքրելու եւ միմյանց ինչ-որ քաղաքական պրոցեսներ պարտադրելու, և դրանով ավելի լավ ընդդիմադիր երեւալու մրցավազք է սկսել: Իրենք թող այդ մրցավազքի մեջ մրցեն, տեսնեն՝ ով է ավելի առաջ, ով է ավելի հետ: Կարծում եմ՝ որքան մոտենան ընտրությունները, այնքան ընդդիմադիրները սկսելու իրար դեմ պայքարել, թե ով է ավելի ընդդիմադիր: Դուք էլ եք տեսնում, թե ինչ տեքստերով, ինչ բառապաշարով են իրենք իրար մասին խոսում:
Չնայած, ընդհանուր առմամբ, թե արժեքային համակարգով, թե քաղաքական ինքնությամբ, իրենք բոլորը նույն քաղաքական ինքնությունը ունեն, նույն քաղաքական արմատը ունեն՝ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, սկզբունքորեն իրենց մեջ չի կարող լինել արժեքային և ֆունդամենտալ տարաձայնություններ: Մաֆիոզները իրենք իրար հետ տարաձայնություններ կարող են ունենալ ազդեցության գոտիների բաժանման համար, բայց մաֆիոզները մնում են մաֆիոզներ»,- հայտարարեց Կոնջորյանը:











