Դատապարտում եմ ֆիզիկական բռնությունը, դատապարտում եմ վերբալ բռնությունը, դատապարտում եմ հոգեբանական բռնությունը, ես դատապարտում եմ բոլոր տեսակի բռնությունները: Դատապարտել եմ այն ժամանակ, դատապարտում եմ հիմա և դատապարտելու եմ նաև ապագայում: Այդ մասին, այսօր՝ մայիսի 7-ին,  խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմում տեղի ունեցած միջադեպին, որի շրջանակում վարույթներ են նախաձեռնվել:

«Համոզմունք ունեմ, որ ընդհանրապես բռնությունը մեր քաղաքական մշակույթում պետք է տեղ չունենա: Մնացածը քաղաքական պատասխանատվության մաս է:

Ամեն դեպքում Նոր Նորքի թաղապետը այլ քաղաքական ուժի ներկայացուցիչ է, կարծում եմ՝ դա իրենց քաղաքական պատասխանատվության տիրույթում է, նաև քաղաքապետարանի քաղաքական պատասխանատվության տիրույթում է»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ օրեր առաջ առավոտյան թաղապետարանի շենքում ծեծկռտուք է տեղի ունեցել: Թաղապետարանի աշխատակիցները՝ թաղապետի մասնակցությամբ ծեծի են ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին: Ոստիկանության աշխատակիցները  բերման են ենթարկել միայն Չախոյանին: Ոստիկանությունից հայտնել են, որ նա հրավիրվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին՝ հաղորդում ներկայացնելու:

Երևանի քաղաքապետարանից, անդրադառնալով տեղի ունեցածին, նշել են, որ բռնությունը ցանկացած դրսևորմամբ անընդունելի է, ընդ որում բռնությունը միայն ֆիզիկականը չէ:

Միջադեպից հետո Արթուր Չախոյանի աչքի տակ կապտուկ կար և արյան զեղման նշաններ:

Հիշեցնենք, որ նախօրեին Արթուր Չախոյանն ու Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը հայհոյախառն և անվայելուչ արտահայտություններով ակցիա էին իրականացրել թաղապետարանում: Նրանք հայտարարել էին, որ սա պատասխանն է նրա, որ թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հեռախոսով հայհոյել է իրենց:

Ավելի ուշ Տիգրան Տեր-Մարգարյանը, ով «Հանրապետություն» կուսակցության անդամ է, նշել էր, որ լավ է արել, որ հայհոյել է:

Միջադեպի առթիվ երկու քրեական գործ է հարուցվել՝ մեկը խուլիգանության հոդվածքով՝ Չախոյանի եւ Մանուկյանի նկատմամբ, մյուսը՝ «ֆիզիկական ներգործության» հոդվածով՝ տեղի ունեցած ծեծի մասով, այդ թվում մեղադրանք է առաջադրվել նաև թաղապետի նկատմամբ: