Հայաստանում անհրաժեշտ է պարզեցնել գետերի հուների մաքրման աշխատանքների իրականացման կարգը։ Այս մասին մայիսի 7-ին Ազգային ժողովի նիստում Ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ քննարկման ժամանակ ասել է շրջակա միջավայրի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը։
Օրինագիծը, ինչպես նշել է կառավարության ներկայացուցիչը, մշակվել է՝ հաշվի առնելով 2024թ. մայիսին ՀՀ Տավուշի եւ Լոռու մարզերի բնակավայրերում գետերի վարարումների հետեւանքները։ Այդ տարածքները հետագայում ճանաչվել են աղետի գոտիներ:
«Դրանից հետո անհրաժեշտություն է առաջացել գետերը մաքրել կենցաղային աղբից: Ներկայում քննարկվում է ջրի բնական հոսքը խոչընդոտող՝ գետերի հուների եւ ջրահեռացման մաքրման կարգը, սակայն այդ գործընթացը կապված է որոշակի սահմանափակումների հետ, որոնք պայմանավորված են անհրաժեշտ թույլտվությունների առկայությամբ»,- պարզաբանել է Գաբրիելյանը։
Այսպիսով, առաջարկվում է բացառել լիազոր մարմնին ջրօգտագործման թույլտվություն ներկայացնելու պահանջը։ Մասնավորապես, նախատեսվում է ՀՀ կառավարությանը իրավասություն տալ մշակելու կարգավորող իրավական ակտ՝ ուղղված ջրային մարմինների՝ գետերի հունը կենցաղային աղբից մաքրելու կարգի սահմանմանը, ինչպես նաեւ մի շարք այլ նորմերի հստակեցմանը։





























