Սպառողների իրավունքների պաշտպանությունն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է հանրապետությունում ներդնել նոր կանոններ՝ արգելելով սպառողին մոլորության մեջ գցող ցանկացած գործողություն։
Այս մասին մայիսի 7-ին Ազգային ժողովի նիստում հայտնել է էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը՝ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ։
Օրինակ՝ արգելքը կտարածվի որոշակի էլեկտրոնային առեւտրային հարթակում դիտումների կեղծ քանակի կամ կեղծ վարկանիշի ներկայացման վրա:
Նախարարի խոսքով՝ այս փաթեթը մշակվել է սպառողների իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգ ստեղծելու նպատակով։ «Սպառողների իրավունքների պաշտպանության ողջ օրենսդրությունը համապատասխանեցվելու է Եվրամիության օրենսդրությանը»,- վստահեցրել է Պապոյանը։
Մասնավորապես, նոր կանոնների շնորհիվ սպառողը կկարողանա տեսնել վաճառքի առաջարկվող բոլոր ապրանքների մեկ միավորի գինը։
Այսինքն՝ 1 կիլոգրամի համար, 1 լիտրի համար եւ այլն։ Արգելք կսահմանվի նաեւ սպառողի նկատմամբ ցանկացած ճնշման կամ ագրեսիվ վարքագծի վրա՝ վերջինիս կողմից որոշակի ապրանքի ընտրության համատեքստում։ Օրինակ՝ արգելվելու են անհատական այցելությունները սպառողների տներ՝ առանց նրանց համաձայնության, հեռախոսով կամ կապի այլ միջոցներով որոշակի ապրանք գնելու մշտական եւ անցանկալի առաջարկները, գովազդում երեխաներին ուղղված կոչերը եւ այլն։ Օրենսդրական փաթեթով առաջարկվում է նաեւ գործող մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վերանվանել մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով։
Այսպիսով, հանձնաժողովը, ըստ էության, կդառնա սպառողների շահերը պաշտպանող կենտրոնական մարմին՝ իրավախախտումների արձանագրման դեպքում տույժեր կիրառելու իրավասությամբ։ Փաթեթը ներառում է նաեւ այլ փոփոխություններ եւ կանոնակարգեր։ Իր հերթին, ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը արտադրողներին եւ սուպերմարկետների սեփականատերերին մեղադրել է անազնվության մեջ։ Խորհրդարանականի խոսքով՝ երկուսն էլ սպառողներ են մոլորեցնում. Ընդ որում, գրեթե պարբերաբար ու միանգամայն գիտակցաբար։
Արտադրողները, թողարկելով որոշակի տեսակի ապրանք, փորձում են այն փաթեթավորել այնպես, որ դժվար լինի այն տարբերել «էլիտարից», որի գները շուկայում զգալիորեն բարձր են։ Սրանից, ըստ պատգամավորի, օգտվում են նաեւ սուպերմարկետների սեփականատերերը։ Օրինակ, նրանք կարող են արտաքնապես նման, բայց տարբեր գներով ապրանքները տեղադրել նույն դարակում, ինչը հանգեցնում է սպառողի համար անցանկալի թանկ գնումների:
Չնայած դրան՝ նա կոչ է արել աջակցել տեղական արտադրողներին «դրական խտրականության» միջոցով։ Այսինքն՝ պետությունը, ինչպես կարծում է պատգամավորը, պետք է գործի ի պաշտպանություն տեղական արտադրողի շահերի՝ առաջնահերթ ուշադրություն դարձնելով նրանց։





























