Այսօր՝ մայիսի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխաովոր վարչության Շենգավիթի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց 135 հասցեում վերամբարձ կռունկը աշխատանքներ կատարելիս շրջվել է, ինչի հետևանքով գույք է վնասել, հաղորդում է Shamshyan.com-ը:

Պարզվել է, որ նշված հատվածում ավտոտնակը հեռացնելիս վերամբարձ կռունկը շրջվել է, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տներին մատակարարվող գազախողովակներն ու գազասյուները, կոտրվել են ծառեր:

Երջանիկ պատահականությամբ վերամբարձ կռունկի ընկնելու ժամանակ բակում քաղաքացիներ չեն եղել, իսկ դրա հարևանությամբ էլ կա ֆուտբոլի խաղահրապարակ, զրուցարաններ, ու այնտեղ միշտ մարդիկ են լինում:

Այս տարածքի համար երկար ժամանակ է՝ ողջ բնակիչներով պայքարում են, որպեսզի իրենց կողմից տարիներով ստեղծված ու խնամված այգին չվերանա ու դրա հարակից տարածքում քարե շինություն չկառուցեն: