Հնդկաստանի սահմանային շրջաններում «Սինդուր» գործողության մեկնարկից ի վեր պակիստանյան հրետակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի, հայտնել է Ջամմուի և Քաշմիրի Պունչ շրջանի ոստիկանության ավագ սպան։
Ավելի ուշ Հնդկաստանի իշխանությունները հայտնել են, որ ահաբեկիչների դիրքերին հասցված հարվածին ի պատասխան՝ Պակիստանը հրետանային հարված է հասցրել Ջամմուի և Քաշմիրի սահմանային շրջաններին։
Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը չորեքշաբթի առավոտյան հայտարարել է, որ հրետակոծության հետևանքով զոհվել է առնվազն երեք խաղաղ բնակիչ։ «Առնվազն 11 քաղաքացիական անձ զոհվել է, 43-ը՝ վիրավորվել, երբ Պակիստանի բանակը չորեքշաբթի առավոտյան Պունչ շրջանում վերահսկողության գծի երկայնքով ինտենսիվ հրետակոծության է դիմել, այն բանից անմիջապես հետո, երբ Հնդկաստանը Պակիստանում և Պակիստանի կողմից օկուպացված Քաշմիրում ահաբեկչական ինը թիրախների վրա վիրաբուժական հարվածներ է հասցրել՝ ապրիլի 22-ին Պահալգամի հարձակման համար, որը 26 մարդու կյանք խլեց, վրեժ լուծելու համար», - Deccan Herald-ին ասել է ոստիկանության պաշտոնյան։
Ավելի վաղ Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ սկսել է «Սինդուր» գործողությունը՝ ի պատասխան Պահալգամի հարձակման, որի թիրախը Պակիստանի ներսում գտնվող «ահաբեկչական ենթակառուցվածքներն» են։
Գերատեսչությունը հայտարարել է, որ գործողության ընթացքում Պակիստանի որևէ ռազմական օբյեկտ հարձակման չի ենթարկվել։ Իր հերթին, Պակիստանի իշխանությունները հայտարարել են, որ Հնդկաստանը հարձակվել է Պակիստանի հինգ բնակավայրերի վրա, հարվածների արդյունքում զոհվել է առնվազն 24 և վիրավորվել 46 մարդ։




























