Ռուսաստանի ԱԳՆ-ն իր ափսոսանքն է հայտնել Մոլդովայի քաղաքացու մահվան առթիվ, ով վիրավորվել էր Մերձդնեստրում ռուս խաղաղապահների կողմից եւ հիվանդանոցում մահացել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստին»` վկայակոչելով Ռուսաստանի ԱԳՆ-ի կայքը:
Նոր տարվա առաջին օրը, Մոլդովայի քաղաքացի Վադիմ Պիսարը փորձել է գողացած մեքենայով անցնել Դնեստր գետի մոտ գտնվող անցակետով: Անվտանգության գոտու կենտրոնական հատվածի ղեկավարության ներկայացմամբ, Պիսարի ավտոմեքենան սլացել է անցակետով` չենթարկվելով խաղաղապահների կանգ առնելու պահանջին: Երբ վարորդը տեսել է, որ անցակետի մոտ, ասֆալտի վրա «ոզնի» տեսակի հատուկ միջոց են փռել, նա շրջադարձ է կատարել եւ փորձել կրկին անցնել անցակետի մոտով:
Ռուս խաղաղապահների խմբի հրամանատարը կրկին պահանջել է կանգ առնել, ապա նախազգուշական կրակոց արձակել: Տեսնելով, որ վարորդը չի ենթարկվում պահանջներին, նա ինքնաձիգից կրակահերթ է արձակել մեքենայի ուղղությամբ: Գնդակներից մեկը դիպել է վարորդին, ով տեղափոխվել է հիվանդանոց ու այնտեղ մահացել արյունահոսությունից:
Մոլդովայի Պիրիտա գյուղի 500 բնակիչներ հունվարի 3-ին դուրս են եկել ցույցի եւ պահանջել արգելափակել Մոլդովան Մերձդնեստրին միացնող մայրուղին, հակառակ դեպքում սպառնալով, որ դա իրենք կանեն:
Գործը քննում է Մոլդովայի գլխավոր դատախազությունն ու Դուբոսարի շրջանի դատախազությունը: Ռուսաստանի զինվորական դատախազությունը պարզում է տեղի ունեցածի հանգամանքները:
Հիշեցնենք, որ Մերձդնեստրում համատեղ խաղաղապահ առաքելություն են իրականացնում 402 ռուս, 492 մերձդնեստրացի, 355 մոլդովացի զինծառայողներ եւ 10 զինվոփրական դիտորդներ Ուկրաինայից:




























