Չգիտեմ արդեն որերորդ անգամ պիտի այս ամբիոնից ցիտեմ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական երկվորյակ Սերժ Սարգսյանին, ով 2018-ի ապրիլի 17-ին հայտարարել էր, որ այլևս պետք է սպասենք պատերազմի: Այս մասին, այսօր՝ մայիսի 7-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, որտեղ նա ասել էր. «Այս պատերազմը որ եղավ չպետք է լիներ, այս պատերազմը հրահրվեց մեր կողմից, հայերի կողմից, հայկական իշխանության կողմից»:
«Այսինքն Սերժ Սարգսյանը այս ամբիոնից հայտարարել էր, որ բանակցային գործընթացը այլևս թևակոխել է պատերազմական փուլ և ուզում եմ նաև հիշեցնել, որ 2016 թվականի չորսօրյա պատերազմը ինքը դե-յուրե քաղաքականապես չի ավարտվել, դրա արդյունքում ոչ թուղթ, ոչ մի բան չի չի ստորագրվել: Եվ ուզում եմ հիշեցնել նաև, թե որն էր դրանից առաջ պատերազմը թույլ չտալու Ռոբերտ Քոչարյանի մեթոդաբանությունը՝ Մեղրին փոխել Ղարաբաղի հետ, Մադրիդյան սկզբունքներ, և այլն, և այդպես շարունակ:
Այդ մարդկանց ասել եմ՝ հերիք է միամիտ, կամ միամիտ երևացող լսարաններ հավաքեք ու լուրջ դեմքով բաներ պատմեք: Լսեք բան ունեք ասելու, եկեք գնանք խոսենք ուղիղ եթերում։ Հերիք է գնաք մութ անկյուններում, առանձնացված… բան ունեք խոսելու, եկեք գնանք խոսենք: Ինչի՞ մասին եք ուզում խոսենք, ուզում եք՝ Ղարաբաղի բանակցությունների մասին խոսենք, ուզում եք՝ պատերազմը հետաձգել, չհետաձգելու մասին խոսենք: Ինչքա՞ն պիտի գնան թաքուն այստեղ-այնտեղ, այս պատի տակ, այն պատի տակ, այն ծառի տակ, այն անկյունում, ինչքան հնարավոր է մութ անկյունում նստեն, խոսեն։ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Լևոն Տեր-Պետրոսյան, բան ունե՞ք ասելու։ Ասում եմ, գնանք ուղիղ եթերում կանգնենք, խոսենք։ Ինչի՞ չեք գալիս»,-ասաց Փաշինյանը:











