ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները ճիշտ ուղղությամբ են ընթանում՝ նշելով, որ Թեհրանը կարող է ունենալ քաղաքացիական միջուկային էներգետիկա, բայց չպետք զբաղվի ուրանի հարստացմամբ, քանի որ դա կարող է հանգեցնել միջուկային զենքի ստեղծմանը, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։

«Մենք ճիշտ ուղու վրա ենք»,-նշել է Վենսը Վաշինգտոնում Մյունխենի առաջնորդների հանդիպման ժամանակ՝ բանակցությունները բնութագրելով որպես «մինչ այժմ լավ ընթացող»։

«Մեզ համար միևնույն է՝ մարդիկ ցանկանում են միջուկային էներգետիկա, թե ոչ։ Մենք համաձայն ենք դրա հետ, բայց դուք չեք կարող ունենալ ուրանի հարստացման ծրագիր, որը ձեզ հնարավորություն կտա միջուկային զենք ստանալ, և այստեղ է, որ մենք սահման ենք դնում»,-ընդգծել է նա։