Վերջերս հանդիպում էի ունենում Տավուշի մեր սահմանամերձ շրջանների բնակիչների հետ, ականապատման աշխատանքների հետ կապված մտահոգություններ են հայտնել, մասնավորաբար Ազատամուտ համայնքի հարակից շրջանների ականապատման և չափագրման աշխատանքների հետ կապված: Այս մասին, այսօր՝ մայիսի 7-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Հարցս հետևյալն է, ի՞նչ աշխատանքներ են կատարվում այդ հատվածում և արդյո՞ք դա կապ ունի սահմանազատման և սահմանագծման գործընթացի հետ»,- նշեց նա՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Վերջինս ի պատասխան նշեց. «Ես դժվրանում եմ ասել, թե Ազատամուտի մոտակայքում ինչ ականազերծում կարող է տեղի ունենալ: Ես ուրիշ բան կարող եմ ձեզ ասել, ես էն օրը գնացել էի Ոսկեպարի եկեղեցի և ինձ համար զարմանքով արձանագրեցի, որ հենց մուտքի մոտ որոշակի փշալարեր կան և նաև մեր գործընկերներին ասեցի, որ դա կարող է սխալ տպավորություն թողնի, որ մենք այսքան ասում ենք, որ սահմանազատումը այսպես է եղել, հիմա մուտքից երկու մետր այն կողմ փշալարեր են փռած:

Ես պարզեցի, որ խնդիր այն է, որ այդ հատվածում որոշակի ականային մտավախություններ կան և այնտեղ ՊՆ-ն և սահմանապահները փշալարով փակել են, որպեսզի ևս մեկ անգամ ականազերծման հետ կապված աշխատանքներ իրականացնեն, որպեսզի եկեղեցին և իր շրջապատը, մանավանդ ճանապարհը նորոգել ենք, մարդկանց հոսքը ակտիվացել է, կարող է ինչ-որ մեկը որոշի իջնել ներքև ժամանակ անցկացնել»:

Ինչ վերաբերվում է սահմանազատման հետ կապված աշխատանքներին, վարչապետն ասաց. «Դուք գիտեք, որ այս ընթացքում սահմանազատման աշխատանքներ առանց դրանց մասին հայտարարելու տեղի չեն ունեցել և տեղի չեն ունենալու և չեն կարող տեղի ունենալ: Այսինքն այդ սպասումը ձևավորել, որ վայ, թաքուն կարող է սահմանազատման աշխատանք տեղի ունենա, այդքան էլ ճիշտ չի»,- նկատեց Փաշինյանը:

Գառնիկ Դանիելյանն արձագանքեց. «Ըստ համատեղ հանձնաժողովի՝ սահմանազատման և սահմանագծման գործընթացը պիտի տեղի ունենար Հայաստան- Վրաստան-Ադրբեջան սահմանային կետից սկսած։ Իմ հարցը հետևյալն է, եթե սահմանազատման աշխատանքները սկսվելու է այդ հատվածից, ինչո՞ւ է այլ հատվածում ականազերծում կատարվում»:

Փաշինյանը կրկնեց, որ պատգամավորի նշած ականազերծման աշխատանքները որեւէ կապ չեն կարող ունենալ սահմանազատման հետ. «Դուք տեղյակ եք, որ մոտակայքում հսկայական այլ բնույթի աշխատանքներ են տեղի ունենում, այդ թվում ինժեներական: Այնտեղ նաեւ չափագրում է արվում, բա շինարարություն են անում մարդիկ, բա առանց մետրը չափելո՞ւ են շինարարություն անելու։ Դուք տեղյակ չե՞ք այնտեղ ինչ է տեղի ունենում։ Կարող ենք կազմակերպել ձեր ամբողջ խմբակցությանը ուղեկցենք, գնանք, տեսնեք ձեր աչքերով, թե ինչ աշխատանք է կատարվում այնտեղ»: