Արարատի մարզում վերջերս տեղացած կարկուտն ու հեղեղատային անձրևները հիմնականում վնաս են հասցրել 7-8 գյուղերի բերքին, իսկ 2-3 գյուղերում վնասը հատկապես մեծ է եղել։ Դրա մասին մայիսի 7-ին խորհրդարանում կառավարության ժամին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նա հայտնել է, որ ընդհանուր առմամբ տուժել է մոտ երկու տասնյակ գյուղ։
«Մրգերին հասցված վնասը միջինում կազմել է 30%, իսկ բանջարեղենին՝ 50-60%»,-նշել է Պապոյանը։
Նա վստահեցրել է, որ հակակարկտային կայաններն աշխատել են ամբողջ գիշեր և ամբողջ հզորությամբ, առանց որոնց վնասը շատ ավելի մեծ կլիներ։
Նախարարը պարզաբանել է, որ ստեղծվել է հանձնաժողով, որը կհաշվարկի վերջնական վնասը։





























