Ներկայիս խորհրդարանական ընդդիմությունը այն ուժը չէ, որը պետք է խոսի կոռուպցիայի մասին։ Դրա մասին մայիսի 7-ին Ազգային ժողովի նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Ըստվարչապետի՝ ընտրողներին կաշառելու հարցում աչքի են ընկել ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանն ու նրանց համախոհները՝ վերջիններիս առաջարկելով 5000 դրամ կաշառք։ Միաժամանակ, մարդիկ գործնականում զրկված էին բնականոն աշխատելու հնարավորությունից։

Փաշինյանը համոզված է, որ մարդկանց թույլ չէին տալիս աշխատել հենց միայն մի նպատակի համար։

«Նրանք ամեն ինչ արեցին, որպեսզի մեր քաղաքացիները չկարողանան աշխատել։ Ինչո՞ւ։ Այո՛, որպեսզի նրանք աղքատ լինեին և ամեն ինչի կարիք ունենային։ Այդ դեպքում, ընտրությունների ժամանակ, նրանց կարող էին կաշառել՝ 5000 դրամ թափահարելով։ Ահա թե ինչպես էին նրանք պատրաստվում հաղթելու ընտրություններում»,-ասել է կառավարության ղեկավարը՝ մատ թափ տալով խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր ուժերի վրա։

Միայն այս կերպ, ինչպես կարծում է Փաշինյանը, նրանք կարող էին վայելել իրենց կոռուպցիոն գործունեության արդյունքները։ Միաժամանակ նա նշել է, որ տարածաշրջաններ կատարած իր այցելությունների ժամանակ մարդիկ իրեն ամենից հաճախ հարցնում են ոչ թե հրատապ խնդիրների, այլ նախկին նախագահների ճակատագրի մասին։ Օրինակ՝ ինչո՞ւ նրանք դեռ ճաղերի ետևում չեն։ Ըստ վարչապետի՝ նրանք բողոքում են ոչ այնքան իրենց դժվար կյանքից, որքան Քոչարյանի ու Սարգսյանի իրական պատժաժամկետների բացակայությունից։