Մոլդովայի Դուբոսարի շրջանի շուրջ 250 բնակիչներ փակել են երթեւեկությունը Դնեստր գետի կամրջի վրայով, որը հսկվում է ռուս խաղաղապահների կողմից: Նրանք պահանջում են հանել այդ տարածքում գտնվող անցակետը, ինչպես նաեւ դուրս բերել ռուս խաղաղապահներին, դեպքի վայրից հաղորդում է «ՌԻԱ նովոստիի» թղթակիցը:

Ցույցը կազմակերպել են շրջանի վարչակազմը, ինչպես նաեւ Մոլդովայում իշխող «Հանուն եվրոպական ինտեգրացման» դաշինքի անդամ կուսակցությունների ներկայացուցիչները:

Հանրահավաքում արդեն ելույթ են ունեցել Ազատական կուսակցության առաջնորդ Միհայ Լիմպուն, Քիշնեւի քաղաքապետ Դորին Կիրտոակեն: Իրենց ելույթներում նրանք կոչ են արել Ռուսաստանի իշխանություններին դուրս բերել իրենց խաղաղապահներին, ինչպես նաեւ պատժել հունվարի 1-ին ռուս խաղաղապահների կրակահերթից երիտասարդ մոլդովացի տղայի սպանության մեղավորին:

Սպանված Վադիմ Պիսարի թաղումը կկայանա այսօր, որին ներկա կլինի երկրի վարչապետ Վլադ Ֆիլատը:

Ավելի վաղ Մոլդովայի փոխվարչապետ Եվգենի Կարպովը լրագրողներին հայտնել էր, որ Անվտանգության գոտում Վադույ Լուի Վոդե քաղաքի մոտ գտնվող անցակետից կհանվեն բետոնե բլոկները: Նա հավելել է, որ զինվորական հրամանատարության որոշմամբ, այդ անցակետում զինծառայողների թիվը 15-ից կհասցվի 4-ի:

Հիշենենք, որ Նոր տարվա առաջին օրը, Մոլդովայի քաղաքացի Վադիմ Պիսարը փորձել է մեքենայով անցնել Դնեստր գետի մոտ գտնվող անցակետով: Անվտանգության գոտու կենտրոնական հատվածի ղեկավարության ներկայացմամբ, Պիսարի ավտոմեքենան սլացել է անցակետով` չենթարկվելով խաղաղապահների կանգ առնելու պահանջին: Երբ վարորդը տեսել է, որ անցակետի մոտ, ասֆալտի վրա «ոզնի» տեսակի հատուկ միջոցներ են փռել, նա շրջադարձ է կատարել եւ փորձել կրկին անցնել անցակետի կողքով:

Ռուս խաղաղապահների խմբի հրամանատարը կրկին պահանջել է կանգ առնել, ապա նախազգուշական կրակոց արձակել: Տեսնելով, որ վարորդը չի ենթարկվում պահանջներին, նա ինքնաձիգից կրակահերթ է արձակել մեքենայի ուղղությամբ: Գնդակներից մեկը դիպել է վարորդին, ով տեղափոխվել է հիվանդանոց ու այնտեղ մահացել արյունահոսությունից:

Մոլդովայի Պիրիտա գյուղի 500 բնակիչներ հունվարի 3-ին դուրս են եկել ցույցի եւ պահանջել արգելափակել Մոլդովան Մերձդնեստրին միացնող մայրուղին, հակառակ դեպքում սպառնալով, որ դա իրենք կանեն:

Մերձդնեստրում համատեղ խաղաղապահ առաքելություն են իրականացնում 402 ռուս, 492 մերձդնեստրացի, 355 մոլդովացի զինծառայողներ եւ 10 զինվորական դիտորդներ Ուկրաինայից: